Հրապարակվել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրով դիմումներ ներկայացնելու ուղեցույցը

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է ուղեցույց՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակում դիմումներ ներկայացնելու վերաբերյալ:

Ըստ ուղեցույցի՝ այս բաղադրիչի շրջանակում առցանց դիմում կարող են ներկայացնել անհատական բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցող և հետևյալ պայմաններին բավարարող շահառուները՝ 

– 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները,

․ զոհվածի, կերակրողին կորցրածի, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները,

․ ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։

Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը՝ ստորև․

ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղումով:

ՔԱՅԼ 2․ Ընտրել «Անհատական բնակելի տան կառուցում» պատուհանը, ապա սեղմել «Դիմել» կոճակի վրա։

ՔԱՅԼ 3. Առաջարկվող տարբերակներից անհրաժեշտ է ընտրել այն թիրախային խումբը, որին պատկանում է դիմողի ընտանիքը։ Այնուհետև ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգին և պահանջվող փաստաթղթերին ծանոթանալուց հետո պետք է նշել «Կարդացել եմ» կոճակը։

ՔԱՅԼ 4․ Այնուհետև համակարգը կառաջարկի ուսումնասիրել, ապա ընտրել բնակելի տների կառուցման օրինակելի նախագծերից որևէ մեկը և սեղմել «Հաջորդ» կոճակի վրա։

ՔԱՅԼ 5․«Դիմումատուի տվյալներ» բաժնում անհրաժեշտ է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (սոցքարտի համարը) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը, ապա նշել անուն, ազգանուն և սեղմել «Նույնականանալ» կոճակի վրա։

ՔԱՅԼ 6․ Նույնականացումից հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կլրացնի դիմումատուի հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները և հաշվառման հասցեն, որից հետո կպահանջվի լրացնել կոնտակտային տվյալներ՝ բջջային հեռախոսահամար և էլ․ փոստի հասցե։

ՔԱՅԼ 7․ Այնուհետև, անձի հաշվառման և փաստացի բնակության հասցեները համընկնելու դեպքում, դիմումատուն կարող է նշել «Այո» տարբերակը և անցնել հաջորդ դաշտերի լրացմանը։ Իսկ եթե հաշվառման հասցեն և փաստացի բնակության հասցեն չեն համընկնում, ապա ընտրելով «Ոչ» տարբերակը՝ անձը կարող է լրացնել իր փաստացի բնակության հասցեն։

ՔԱՅԼ 8․ «Ավելացնել ընտանիքի անդամ» կոճակի վրա սեղմելիս դիմումատուն հնարավորություն ունի նշել իր ընտանիքի անդամներին` լրացնելով անձնական տվյալներ։ Ընտանիքի անդամին հաջողությամբ նույնականացնելուց հետո՝ համակարգն ինքնաշխատ եղանակով կլրացնի անձի հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները։ Այնուհետև համակարգը կպահանջի նշել ազգակցական կապը դիմողի նկատմամբ, ապա ընտրել փաստացի բնակության վայրի վերաբերյալ հարցի պատասխանը։

ՔԱՅԼ 9․ Բոլոր տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է կատարել համապատասխան դաշտում նշում՝ հավաստելով, որ լրացված տվյալները ճշգրիտ են և սեղմել «Հաստատել» կոճակը։ Դիմումի՝ հաջողությամբ մուտքագրվելու վերաբերյալ ծանուցումը շահառուն կստանա անմիջապես։ Եթե կան դաշտեր, որոնք ամբողջական լրացված չեն, ապա «Հաստատել» կոճակը սեղմելուն պես՝ հարթակի համապատասխան դաշտերում կհայտնվեն նշումներ և դիմումատուն կկարողանա վերանայել իր մուտքագրած տվյալները։

Կարևոր դիտարկումներ

 *-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է,

նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան։

Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ հուլիսի 15-ից մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print