Հարկ վճարողը ուշացրած վճարման յուրաքանչյուր օրվա համար տույժը կմուծի չմուծված գումարի 0.075 տոկոսի չափով

Առաջարկվում է հարկային օրենսգրքում սահմանել լիազորող նորմ, որի հիման վրա Կառավարությունը կարող է հանրային հսկողության մեխանիզմների ներդրման միջոցով սահմանել հարկային վարչարարության աջակցության ծրագրեր: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության հուլիսի 18-ի նիստին ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը:

Նախագծով առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է հարկերի ուշ վճարման համար օրական տուրքերին: Ըստ Համլետ Սահակյանի՝ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողի կողմից վճարման ենթակա տույժի չափը ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով էր: 2018 թվականի հունվարի 1-ից դա վերանայվեց, ըստ այդմ՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում էր տույժ՝ 0.075 տոկոսի չափով: 2020 թվականի ապրիլից տույժը իջեցվեց, և սահմանվեց 0,04 տոկոս՝ նպատակ ունենալով մեղմել կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս տնտեսական գործունեությունը վերականգնվել է, բավականին ժամանակ է անցել այդ առումով, առաջակում ենք վերականգնել մինչև 2020 թվականի ապրիլի 21-ը գործող տույժի չափը և սահմանել օրական 0,075 տոկոս»,- ասաց նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print