Փաշինյանի խոսքով հունվար-սեպտեմբերի տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.1 տոկոս, ըստ էության այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսությունն բում է ապրում։
Հայաստանում տնտեսական աճի ներկայիս տեմպը տալիս է հնարավորություն հաղթահարված համարելու համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները և վերականգնելու տնտեսական զարգացման տեմպը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականին պետբյուջեի նախագծի քննարկումների ընթացքում:
«Այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսությունն ըստ էության բում է ապրում: Հունվար-սեպտեմբերի տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.1 տոկոս: Սա չափազանց կարևոր ցուցանիշ է: Կարևոր է արձանագրել, որ այս տեմպը մեզ տալիս է հնարավորություն, որպեսզի 2022 թվականի արդյունքներով մենք, ըստ էության, հաղթահարված համարենք 2020 թվականին համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած զուտ տնտեսական դժվարությունները և վերականգնենք մեր տնտեսական զարգացման տեմպը, ինչը չափազանց կարևոր է: Այսինքն՝ մենք զուտ միայն տնտեսության առումով այս տարի հնարավորություն ունենք և կիրացնենք այդ հնարավորությունը՝ վերադառնալ 2019 թվականի տեմպին»,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանը վստահեցմամբ՝ 2018թ–ից ի վեր կառավարության որդեգրած տնտեսությանը չմիջամտելու քաղաքականության արդյունքում այսօր արդեն քաղում ենք դրա պտուղները։ Ըստ նրա Կառավարությունը պետք է հնարավորինս քիչ միջամտի տնտեսական հարաբերություններին, ավելի շատ զբաղված լինի տնտեսական հնարավորությունների ստեղծման հարցերով և տնտեսական խնդիրների հաղթահարումներով:
«Այս առումով կարծում եմ, որ այսօր մենք ինչ-որ առումով քաղում ենք պտուղները՝ մենաշնորհների հաղթահարման մեր քաղաքականության, օլիգարխիայի վերացման մեր քաղաքականության, օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելուն ուղղված մեր քաղաքականության և համակարգային կոռուպցիայի հաղթահարմամբ»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը հավելեց նաև, որ այս տարի Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսում 100 երկրների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը։