Մարտի 1-ի գործը կարող է վերաբացվել

Սահմանադրական դատարանը մասամբ բավարարել է Վճռաբեկ դատարանի դիմումը։ Ըստ այդմ, 1998 թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը, փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:

Հիշեցնենք՝ Վճռաբեկ դատարանը Մարտի 1-ի վարույթով անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան՝ միջնորդելով որոշել Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը Radar Armenia-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ Դատախազությունը ՍԴ որոշման հիման վրա, 309.1 հոդվածով կդիմի դատարան. «Մնացածը դատական համակարգի տիրույթում է։ Անձամբ եմ դատախազությանը տվել այդ հարցը՝ արդյո՞ք 309.1 հոդվածին վաղեմության ժամկետը չի վերաբերի։ Դատախազությունից ասացին՝ միգուցե կառնչվի, բայց ՍԴ-ն երեկվա իր որոշման մեջ կարծում է, որ վաղեմության ժամկետ չպետք է լինի»։

Անուշ Քլոյանի կարծիքով՝ մարտի 1-ի մեղավորները պետք է օրենքի սահմաններում կրեն իրենց արժանի պատիժը. «Հուսամ՝ արդարադատություն կիրականանա։ Այսինքն՝ այն, ինչ պահանջում է ժողովուրդը։ Սա է մեր ժողովրդի ակնկալիքը, որ մեր երկրում պետք է անպայման արդարադատությունը տիրի և բոլոր մեղավորներն ու հանցագործները, որոնք Մարտի 1-ի հետ առնչվում են, կկրեն իրենց արժանի պատիժը»։

Քլոյանի խոսքով, այժմ դատախազությունը պետք է դիմի դատարան։

Մեկնաբանություն ստանալու համար Radar Armeniaն դիմեց Գլխավոր դատախազություն, որտեղից, սակայն, ասացին՝ պարզաբանումներով հանդես կգան ավելի ուշ։ 

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը, անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը, նշեց, որ եթե Վճռաբեկ դատարանը որոշում կայացնի բեկանել ստորադաս դատարանների վճիռները և ուղարկել առաջին ատյանի դատարան, ապա Դատախազությանը հնարավորության կտա, որպեսզի նոր դատավարություն սկսվի և նոր դատավարության ընթացքում սկսի վերաորակել առաջադրված մեղադրանքը։ 

Ալումյանի խոսքով՝ շատ տեսականորեն հնարավոր է, որ Մարտի 1-ի գործը կվերաբացվի. «Փաստաբանական խմբի գործողությունն է լինելու իրականացնել պաշտպանություն։ Բազմաթիվ փաստարկներ կան և բոլորն էլ շատ լուրջ փաստարկներ են։ Եվ ես չեմ կասկածում, որ Մարտի 1-ի գործն ի վերջո այնպիսի լուծում կունենա, որ բոլորի համար պարզ կդառնա, որ գործի իրական հանգամանքները բոլորովին այնպիսին չեն, ինչպես նկարագրված է պարոն Քոչարյանի մեղադրանքում։ Առայժմ գործը գնում է առավելագույնը անօրինական տարբերակներով»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print