Հայաստանին եւ Իրանին կապում են վաղեմի պատմական հարաբերությունները։ Այս մասին ասել է Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վահան Հունանյանը իրանական Mehr լրատվական գործակալության հետ զրույցի ընթացքում։
Հունանյանն ընդգծել է, որ Իրանը Հայաստանի կարևորագույն գործընկերն է և հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կամրապնդվեն բոլոր ոլորտներում։
«Կարծում եմ՝ մենք Իրանի հետ ոչ մի թերըմբռնում չունենք, և հարցերի մեծ մասում համաձայն ենք, և, իհարկե, մեր հարաբերություններն ապագայում կզարգանան»,- ասել է նա։
Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին՝ Հունանյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասի տարածաշրջանում, այդ նպատակով էլ բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ, սակայն Բաքուն մշտապես բանակցություններում առավելագույն պահանջներ է ներկայացնում։
Հունանյանն ընդգծել է, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով և Ադրբեջանը պետք է հետևի այդ սկզբունքին։