Կառավարության որոշմամբ ընդլայնվել է անվճար եւ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման իրավունք ունեցող շահառուների շրջանակը։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ծրագրի ընդլայնման արդյունքում ծառայություններից կօգտվեն.
• ՀՀ քաղաքացի կամ ԼՂ-ից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված` 2 տարի եւ ավելի անպտղության ախտորոշում ունեցող անզավակ կանայք, որոնց տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ, նախկին կարգավորմամբ սահմանված տարիքային վերին շեմ 36-ի փոխարեն սահմանվել է մինչեւ 40 տարեկանը ներառյալ:
• 1 երեխա ունեցող` երկրորդային անպտղության ախտորոշում ունեցող` նախկին կարգավորմամբ սահմանված սահմանամերձ բնակավայրերի բնակիչների փոխարեն, ներարգանդային սերմնավորման փորձերի եւ արտամարմնային բեղմնավորման 1 փորձի հնարավորություն է տրամադրվում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ ԼՂ-ից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված բոլոր զույգերին, որոնցից կինը պատկանում է 20-36 (ներառյալ) տարիքային խմբին:
• 28-42 (ներառյալ) տարեկան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված անզավակ կանայք:
Կանոնակարգվել է նաեւ նախկինում շահառու չհանդիսացող, սակայն ծրագրի ընդլայնման արդյունքում շահառու դարձած անձանց` ծառայությունների քանակից օգտվելու իրավունքը, ինչպես նաեւ պետական պատվերի շրջանակներում սառեցման ենթակա սաղմերի քանակը եւ պահպանման ժամկետը: