Հուլիսի 25-ի կեսգիշերին ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Գորիսում մի խումբ քաղաքացիներ վիճաբանել են, այնուհետև անհայտ մակնիշի մեքենայի սրահից 4-5 կրակոց է արձակվել օդ: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Բակունցի փողոցում, որի ընթացքում էլ անհայտ անձը գազային ատրճանակից 4 կրակոց է արձակել: Դեպքի վայրում հայտնաբերվել է գազային ատրճանակի պարկուճ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Հետագա միջոցառումներով պարզվել է վիճաբանության մասնակիցների և գազային ատրճանակից կրակողի ինքնությունը:
Բացատրական աշխատանքի արդյունքում Գորիսի բնակիչ 20-ամյա երիտասարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, ներկայացրել հանցագործության գործիք ատրճանակը և տվել խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է: