Ադրբեջանում արձագանքել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե Անկարան պաղեստինցիներին օգնելու համար կարող է մտնել Իսրայել, ինչպես արել է Ղարաբաղի դեպքում։
«Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնմանը միտված ռազմական գործողություններում որևէ երկրի զինծառայողի մասնակցության մասին հայտարարություններն անհիմն են»,- 1news.az լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Ադրբեջանի ՊՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը։
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան միայն «քաղաքական աջակցություն» է ցուցաբերել։
«44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան և Պակիստանը քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին, ինչի առնչությամբ Ադրբեջանի նախագահն իր ելույթներում քանիցս երախտագիտությունն է հայտնել այդ երկրներին։ 2020-ի պատերազմում որևէ երկրի անձնակազմ չի մասնակցել ռազմական գործողություններին»,- ասել է ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականը։
Թուրքիայի նախագահը ի աջակցություն Պաղեստինի, մասնավորապես, ասել էր․ «Մենք պետք է շատ ուժեղ լինենք, որպեսզի Իսրայելը չկարողանա Պաղեստինի նկատմամբ անհեթեթ գործողություններ անել։ Ինչպես մենք մտանք Լիբիա, Ղարաբաղ, նույնը կարող ենք անել նրանց դեպքում, չանելու պատճառ չկա»։