«Ռոսատոմ»-ը գնահատում է Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետների երկարաձգման հնարավորությունը

«Ռոսատոմ» ընկերությունը սկսել է գնահատել Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու հնարավորությունը, հաղորդում է Ազատությունը` հղում անելով ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ, ընկերության կազմում գործող “Росатом сервис” ստորաբաժանման մասնագետները սկսել են գնահատել ատոմակայնի ռեակտորի մետաղական կոնստրուկցիաների որակական հատկանիշները (ամրություն, փխրունություն):

«Ռուսաստանցի մասնագետները հատուկ կոնտեյներներ են տեղադրում, որոնց միջոցով գնահատվելու է ռեակտորի մաշվածության աստիճանը», – հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Մեծամոր քաղաքի մերձակայքում գտնվող Հայկական ատոմակայանը շահագործման է հանձնվել 1979 թվականին: ՀԱԷԿ-ի աշխատանքը դադարեցվել է Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո՝ 1989 թվականին։ 1995-ին ռուս մասնագետների մասնակցությամբ ատոմակայանը կրկին ակտիվացվել է, ինչից հետո վերսկսվել է կայանի երկրորդ էներգաբլոկի արդյունաբերական շահագործումը։

Ատոմակայանն արտադրում է Հայաստանում ամբողջ էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը։ 2021 թվականի նոյեմբերին ավարտվել են էներգաբլոկի լայնածավալ արդիականացման աշխատանքները, ինչը հնարավորություն է տվել երկարաձգել դրա շահագործման ժամկետը մինչև 2026-ը։

Պաշտոնական Երևանը, սակայն, հայտարարել է, որ ելնելով միջուկային էներգիայի կարևորությունից և ազգային առաջնահերություններից՝ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print