Աշխարհում ոսկու պահանջարկն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով նվազել է 6%-ով և կազմել 929 տոննա: Այս մասին է վկայում Ոսկու համաշխարհային խորհրդի (WGC) զեկույցը:
Կազմակերպության հաշվետվության մեջ նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում թանկարժեք մետաղի պահանջարկի նվազումը կապված է ոսկու ռեկորդային գների և միևնույն ժամանակ ոսկերչական իրերի պահանջարկի կտրուկ անկման հետ՝ մինչև 391 տոննա (-19%):
Սակայն ոսկու ընդհանուր առաջարկը երկրորդ եռամսյակում աճել է 4%-ով՝ հասնելով 1258 տոննայի: Համաշխարհային արդյունահանումը երկրորդ եռամսյակում եղել է ռեկորդային մակարդակի՝ կազմելով 929 տոննա:
Բացի այդ, կենտրոնական բանկերի զուտ գնումները երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճել են 6%-ով՝ հասնելով 183.4 տոննայի՝ պայմանավորված պորտֆելի պաշտպանության և դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությամբ: Երկրորդ եռամսյակում ոսկու միջին գինը տարեկան կտրվածքով աճել է 18%-ով՝ հասնելով 2338 դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց:
Կազմակերպությունը նաև ակնկալում է արևմտյան ներդրումային հոսքերի աշխուժացում մինչև տարեվերջ, ինչը կհավասարակշռի թանկարժեք մետաղի նկատմամբ սպառողների ավելի թույլ պահանջարկը և կենտրոնական բանկերի կողմից ոսկու ավելի դանդաղ գնումները 2023 թվականի համեմատ: