▶«Մեր տունը թողնենք՝ շտեղ մնա՞նք»․ Գորիսի բնակիչը՝ Եվրախորհրդարանի պատգամավորներին


Եվրախորհրդարանի պատգամավոր, Արցախի հետ Եվրախորհրդարանի բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենի գլխավորած պատվիրակությունը ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանի ու Ասպրամ Կրպեյանի ուղեկցությամբ այցելել են Գորիսի Ակներ բնակավայրում։

Aravot.am—ի փոխանցմամբ՝ հյուրերին Գորիսի համայնքապետարանում նախ դիմավորել է համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Վերջինս պատվիրակության անդամներին ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը։

 «Եթե մենք կրակենք, ապա դրանից հետո հակառակորդի գործողությունների արդյունքում՝ թիրախավորվում է ոչ թե միայն սահմանին կանգնած զինվորը, այլ մեր խաղաղ բնակչությունը, քանի որ այս պահին հայ-ադրբեջանական սահմանն այդ իրավիճակում է։ Այսինքն, թշնամին ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք»,-ասաց Առուշ Առուշանյանը՝ հորդորելով չհավատալ Ադրբեջանի անհիմն հայտարարություններին՝ թե իբր առաջինը հայկական կողմն է կրակում։
Հյուրերն այնուհետև Գորիսի համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելեցին Ակներ բնակավայր՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով բնակավայրում առաջացած խնդիրներին։ Այցելելով համայնքի տուժած բնակիչների տներ՝ ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավորների հարցին «Ապահո՞վ եք զգում» ՝ Ակների բնակիչ Էդգար Սալբունցը կարճ պատասխանեց․ «Ապահովը ո՞րն է։ Թողնելո՞ւ ենք մեր գյուղը, մեր հայրենիքը թողնելու ենք, գնա՞նք։ Բա ո՞ւր մնանք, մինչեւ երբ մնանք, մեր տունը թողնենք՝ շտեղ մնա՞նք»։

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն հավաստիացնում է, որ իրենց արձանագրածը կներկայացնեն միջազգային հանրությանը, որպեսզի բոլորը հասկանան, թե ով է իրական ագրեսորը։

«Մեր նպատակն է Եվրամիությանը ներկայացնել այստեղ առկա իրավիճակը՝ կոչ անելով ըստ պատշաճի արձագանքել դրան։ Եվրոպական միությունը պետք է սանկցիաներ կիրառի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, այսինքն` այն մարդկանց դեմ, ովքեր հրաման են տվել այսպիսի գործողություններ կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Իրավիճակը արձանագրեցինք, եւ տեսանք տներ, որ գնդակոծվել են Ադրբեջանի կողմից։ Նաեւ տեսանք, ինչքան մոտ է դարձել սահմանը, որովհետեւ ադրբեջանցիները անօրինական բռնազավթել են Հայաստանի ինքնիշխան տարածքներ, եւ այսօր փաստորեն մարդիկ վտանգի առաջ են կանգնած։ Դա ազդում մարդկանց առօրյա կյանքի վրա»,- լրագրողներին ասաց պատգամավորը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print