ԱՄՆ-ն չի ընդունել Վենեսուելայի նախագահական ընտրությունների արդյունքները

Միացյալ Նահանգները Վենեսուելայի նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչել ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսին՝ հերքելով գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի հաղթանակի մասին պնդումները։ Այս մասին գրում է golosameriki.com-ը:

«Հաշվի առնելով ճնշող ապացույցները՝ Միացյալ Նահանգների և, ամենակարևորը, Վենեսուելայի ժողովրդի համար պարզ է, որ Էդմունդո Գոնսալես Ուրուտիան ստացել է ձայների մեծամասնությունը Վենեսուելայում հուլիսի 28-ին կայացած նախագահական ընտրություններում», – ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Այնուամենայնիվ, իր հայտարարության մեջ Վաշինգտոնը սահմանափակվել է Գոնսալեսին «հաջող քարոզարշավի» կապակցությամբ շնորհավորելով՝ զերծ մնալով նրան Վենեսուելայի նոր առաջնորդ ճանաչելուց։

Վենեսուելայում նախագահական ընտրությունների արդյունքների շուրջ վեճերը բողոքի ցույցեր են առաջացրել։ Վենեսուելայի ընտրական խորհուրդը հուլիսի 28-ին կայացած ընտրություններում հաղթող է ճանաչել Մադուրոյին, որը երկիրը ղեկավարում է 2013 թվականից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print