ՀՀ ԱԺ–ում բյուջետային քննարկումների ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՔՊ–ական պատգամավոր, խոշոր ձեռնարկատեր Խաչատուր Սուքիասյանի միջև վեճ սկսվեց։
Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ պատգամավորը սկզբում դժգոհություն հայտնեց հնչող հարցերին նախարարի անորոշ պատասխաններից, այնուհետև վեճ սկսվեց երկուսի միջև
«Շատ պաշտոնյաներ այս կամ այն հարցի վերաբերյալ թվեր են ասում, ժամեկտներ, ծավալներ, իսկ Դուք` ոչ։ Բոլոր մեր հարցերին պատասխանում եք` արեցինք, անում ենք, գնում ենք, պայմանավորվել ենք։ Ինձ համար հաճելի չէ էս կարգի էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ»,– ասաց Սուքիասյանը։
Ի պատասխան էկոնոմիկայի նախարարը նշեց․ «Այն, որ Հայաստանն այսօր ունի 14.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, արտաքին առևտրաշրջանառությունն ընդհանուր առմամբ 63 տոկոսով աճել է, իսկ ԵԱՏՄ երկրների հետ` ավելի քան 70 տոկոսով։ Ես կարող եմ անվերջ թվեր ասել ձեզ։ Սրանք էկոնոմիկայի նախարարության շնորհիվ են»,–ասաց Քերոբյանը։
Այս պատասխանը պատգամավորին դուր չեկավ, և նա վստահեցրեց նաև, որ քաջատեղյակ է, թե ռուս–վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետում քանի մեքենա է կուտակվել ու քանի մարդ է միլիոններ կորցնում այն պատճառով, որ չի կարողանում ժամանակին հատել սահմանը, արտադրանքն էլ փչանում է տարաներում։
«Կարծում եմ, որ պետական պաշտոնյան գնար ու Լարսում կանգներ ու աներ ամեն ինչ, որ մարդիկ գումարները չկորցնեին։ Մարդիկ իրենց տներն են գրավ դնում, վարկ են վերցնում ու չեն կարողանում պաշտոնյայի հետ կապ հաստատել։ Հիմա էլ ինձ ասում եք` 14.1 տոկոս։ Այդ ամենը բիզնեսի շնորհիվ է։ Մարդը տանջվում, չարչարվում է ու արդյունք է տալիս, դուք ձեր վրա մի վերցրեք»,– բարկացած ասաց Սուքիասյանը։
Հավելենք, որ Ղրիմի կամրջի վրա վերջերս տեղի ունեցած պայթյունի հետ կապված` մեծ բեռնատարների ստուգումների ուժեղացզման արդյունքում Լարսում արդեն մի քանի օր է` հսկայական քանակությամբ բեռնատարներ են կուտակվել, այդ թվում` Հայաստանից։ ՀՀ կառավարության կողմից նշանակված նոր մաքսային կցորդը, որը կոչված է տեղում խնդիրները լուծելու, դեռ չի հասել նշված կետին։