Մինչև 2026 թվականը 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու կամ հիմնանորոգելու խնդիր կա․Փաշինյան

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներին, նշել է, որ նախատեսվում է կառուցել կրթահամալիրներ, որոնք նախատեսված կլինեն մի քանի բնակավայրերի երեխաների համար։

«Մենք քաղաքական խնդիր ունենք Հանրապետության բոլոր բնակավայրերում կրթությունը դարձնել հասանելի։ Ունենք մինչև 2026 թվականը 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու կամ հիմնանորոգելու խնդիր։  Հարց է առաջանում, թե ինչ պետք է անենք այն բնակավայրերում, որտեղ դպրոցների անհրաժեշտ  ծանրաբեռնվածություն չկա։ Այդ գաղափարը քննարկելիս՝ մենք եկանք այն եզրակացության, որ պետք է կառուցենք կրթահամալիրներ, որոնք նախատեսված կլինեն մի քանի բնակավայրերի երեխաների համար։ Ընդ որում, այդ կրթահամալիրները իրենց մեջ, ըստ անհրաժեշտության, կներառեն և դպրոցական, և մանկապարտեզային բաղադրիչ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ որոշում են կայացրել ծրագիրը մեկնարկել Սյունիքի մարզից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print