Սյունիքի մարզի Աճանան, Օխտար, Արծվանիկ, Գեղանուշ, Սյունիք, Եղեգ, Ծավ, Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Վերին Խոտանան, Դավիթ Բեկ և Եղվարդ գյուղերում նոր մոդուլային տիպի դպրոցներ կկառուցվեն։
Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ «Այս բոլոր դպրոցները լինելու են ոչ միայն զուտ դպրոցներ, այլև համայնքային մշակութային կենտրոններ, որտեղ այլ միջոցառումներ ևս պետք է անցկացվեն»,– ասաց նախարարը։
Նախարարի խոսքով Սյունիքի մարզում նախատեսվում է կառուցել 53 նոր կրթահամալիր, որոնք այս պահին գտնվում են նախագծային աշխատանքների փուլում, իսկ ՀՀ-ում նախատեսվում է կառուցել ավելի քան 150 կրթահամալիր։
Համայնքների համար նախատեսված մոդուլային դպրոցները թույլ են տալու նույն շենքում ոչ միայն 12-ամյա կրթություն կազմակերպել, այլև ունենալու են կից մանկապարտեզներ։
Բացի այդ, դրանց կառուցմամբ, նախկինում գործող 2 կամ 3 դասարանների` նույն դասասենյակում սովորելու կարգն այլևս չի գործի։ Անկախ աշակերտների թվաքանակից, նոր կրթական կենտրոնները կունենան առնվազն 12 դասարան, 1 նախնական զինվորական պատրաստության դասասենյակ, 1 արհեստագործական սենյակ, 1 կենսաբանության և քիմիայի դասասենյակ-լաբորատորիա, 1 ֆիզիկայի և աշխարհագրության դասասենյակ-լաբորատորիա, 1 հանդիսությունների դահլիճ, կերպարվեստի դասերի անցկացման վայր, սպորտային դահլիճ, 1 ինֆորմատիկայի ու տեխնոլոգիաների կենտրոն, որը կգործի նաև որպես գրադարան։ Դպրոցը կունենա նաև խոհանոց՝ նախատեսված դպրոցական և նախադպրոցական տարիքի սովորողների սննդի պատրաստման համար՝ 2 առանձին ճաշասենյակներով։
Պարտադիր պայման է նաև դպրոցում պահակակետի ու մանկավարժահոգեբանական աջակցության և առաջին բժշկական օգնության սենյակի առկայությունը։
Նախադպրոցական ուսումնական հաստատությունները կունենան առնվազն 2 խմբասենյակ, 1 սենյակ՝ հանդիսությունների, երաժշտական և ֆիզկուլտուրայի պարապմունքների համար, 1 սենյակ՝ դաստիարակների և նրանց օգնականների համար և խաղահրապարակ։