Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է ադրբեջանական լրատվամիջոցներում «ԱՄՆ բանակը մտել է Զանգեզուր» վերտառությամբ հրապարակմանը։
Ադրբեջանական caliber.az կայքի հրապարակած նշված հոդվածի կապակցությամբ NEWS.am-ի թղթակիցը կապ է հաստատել Երևանում ԱՄՆ դեսպանատան հետ։
«Արծիվ գործընկեր» զորավարժությունը, որը միտված է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև փոխգործունակության բարձրացմանը, հուլիսի 24-ին հաջողությամբ ավարտվել է։ Մենք կարող ենք հաստատել, որ ԱՄՆ ամբողջ ռազմական տեխնիկան և անձնակազմը լքել են Հայաստանը, ասված է ի պատասխան լրատվամիջոցի հարցմանը:
Նշենք, որ ադրբեջանական կայքում հրապարակված հոդվածում ասվում է, որ օգոստոսի 2-ին և 3-ին ԱՄՆ զինված ուժերին պատկանող 2 Boeing C-17 ռազմական ինքնաթիռ Ռումինիայի և Մերձավոր Արևելքի ամերիկյան ռազմակայաններից թռիչք է կատարել դեպի հայկական «Զվարթնոց» օդանավակայան, որը ռազմական բեռների հետ միասին նաև զինվորևական անձնակազմ է առաքել։
Իբր ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված ռազմական համագործակցություն նախատեսող փաստաթղթի գաղտնի մասի համաձայն, Հայաստանի զինված ուժերին է մատակարարվել ԱՄՆ արտադրության նոր սերնդի զինատեսակներ՝ դիպուկահար հրացաններ, գիշերային տեսողության սարքեր, կապի հատուկ տեխնիկա, զրահաբաճկոններ հայկական հատուկ ջոկատայինների համար, գրոհային մինի անօդաչու թռչող սարքեր, ԱՄՆ բանակում կիրառվող փոքր ականներ և այլ ռազմամթերք։ Ավելին, իբր ավելի վաղ ԱՄՆ-ը հայկական հատուկ ջոկատայինների համար վարժանքներ է անցկացրել այդ ռազմամթերքի կիրառմամբ, որից հետո «հայկական կողմը ռազմական սադրանք է ձեռնարկել»։
Ադրբեջանական պարբերականը պնդում է, որ օգտագործվել են ադրբեջանական բանակի դիրքերի վերաբերյալ ԵՄ առաքելության կողմից հավաքագրված հետախուզական տվյալները։ «Caliber.Az-ին հայտնի է դարձել նաև, որ երկու ինքնաթիռներից մեկը հատուկ գործիքներ է կրել, որոնք հետևում են Իրանի տարածքից արձակված հրթիռների և այլ ինքնաթիռների հետագծին: Այս դեպքում հատկապես հաշվի է առնվել Իրանի տարածքից Իսրայելի վրա հնարավոր հարձակման վտանգը։ Ըստ նույն ադրբեջանական պարբերականի՝ ԱՄՆ-ից բերված սարքերն իբր կտեղադրվեն Իրանի հետ Հայաստանի սահմանին։
Բայց սա դեռ ամենը չէ, գրում է ադրբեջանական կայքը և շարունակում. «ԱՄՆ-ը, բնականաբար, այս առաքելությունը չի վստահել հայ զինվորականներին, այլ բերել է 30-50 հոգու, որոնք պետք է գործարկեին այդ սարքերը։ Որպեսզի Իրանի հետ սահմանին տեղակայվելիք այդ անձնակազմը չգրավի Ռուսաստանի և Իրանի ուշադրությունը, զինվորականներն ընտրվել են մանրակրկիտ կերպով:
նրանց մեծ մասը ԱՄՆ բանակում ծառայող հայազգի քաղաքացիներ են, ինչպես նաև սլավոնական և կովկասյան արտաքինով մարդիկ, ովքեր ԱՄՆ են տեղափոխվել հետխորհրդային երկրներից։ Անձնակազմը համալրված է հայկական զինված ուժերի համազգեստով և տեղակայված է Զանգեզուրի Հայաստանի ԶՈւ ռազմաբազայում»,- պնում է ադրբեջանական լրատվամիջոցը։