Անկանխիկ գնումների դեպքում կենսաթոշակառուների և նպաստառուների հետվճարը 10 տոկոսից կդառնա 12 տոկոս

Եթե ծրագրի մեկնարկի առաջիկա ամիսներին կենսաթոշակային քարտերով թոշակ ստացողների թիվը 300 հարյուր հազարի շրջանակում էր, ապա այժմ մենք ունենք շուրջ 540 հազար՝ քարտերով ստացող կենսաթոշակառուներ, որոնց, ըստ էության, 44 տոկոսն արդեն օգտվում է այս ծրագրից:

Կառավարությունն առաջարկում է կենսաթոշակառուների և նպաստառուների անկանխիկ գնումների դեպքում հետվճարի հաշվարկման համար կիրառվող 10 տոկոսը դարձնել 12 տոկոս, իսկ հետվճարի առավելագույն չափը 5000-ից դարձնել 6000 դրամ: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ օգոստոսի 8-ի նիստին ներկայացրեց ՀՀ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Բայց միաժամանակ առաջարկում ենք կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների հետվճար չհաշվարկել, քանի որ ի սզբանե ծրագրի նպատակներից մեկը, և հիմքում դրված էր այն հանգամանքը, որ միջոցառման նպատակներից պետք է լինի տնտեսության ստվերային շրջանառության կրճատմանը նպաստելը: Ըստ էության, երբ այս ծրագիրը մեկնարկում էինք, մեր մյուս պետական գերատեսչությունների հետ համագործակցությամբ էինք սկսել մեկնարկը՝ ԿԲ-ի և ՊԵԿ-ի՝ նպաստելու անկանխիկ գործարքներին, իսկ կոմունալ վճարումները, ըստ էության, ամբողջությամբ համարվում են ստվերից դուրս: Հետևաբար, քանի որ արդեն իսկ ունենք վարքագծային փոփոխություն, և մեր կենսաթոշակառուներն ու նպաստառուները ակտիվորեն սկսել են օգտագործել՝ անկանխիկ վճարումներ իրականացնելով իրենց քարտերով, մենք առաջարկում ենք այս փոփոխությունը»,- ասաց նախարարը:

Նարեկ Մկրտչյանը նաև ներկայացրեց վիճակագրություն: Ըստ այդմ՝ հուլիսի դրությամբ ծրագրից օգտվում է շուրջ 240 հազար շահառու: Ծրագրի մեկնարկից սկսած՝ օգոստոսը ներառյալ, կլինի շուրջ 9 մլրդ հետվճար:

«Իսկ ընդհանուր անկանխիկ գործարքների ծավալը մեր կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից՝ ծրագրի մեկնարկից սկսած (մինչև հուլիս ամսվա տվյալն է), 119 մլրդ է: Եվ կարողացանք նաև որոշակի վարքագիծ փոխել: Եթե ծրագրի մեկնարկի առաջիկա ամիսներին կենսաթոշակային քարտերով թոշակ ստացողների թիվը 300 հարյուր հազարի շրջանակում էր, ապա այժմ մենք ունենք շուրջ 540 հազար՝ քարտերով ստացող կենսաթոշակառուներ, որոնց, ըստ էության, 44 տոկոսն արդեն օգտվում է այս ծրագրից»,- ասաց նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print