Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, շինարարներին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, նաև անդրադարձել է նոր ատոմակայանի կառուցմանը և հորդորել պատրաստվել.
«Դա Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումն է, որը պետք է մեր ամբողջ երկրի շինարարական ոլորտը բերի նրան, որ միասին պատրաստվենք։ Պատրաստվենք հիմա, որովհետև հսկայածավալ շինարարություն է, ինչպես մյուս խոշոր ծրագրերը»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ հուլիսի 3-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով նոր ատոմակայանի կառուցման մասին, ասել էր, որ պրոցեսը մտել է առարկայական փուլ․
«Մենք հիմա ԱՄՆ հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտի կարգավորումը, առանց որի չենք կարող առաջ ընթանալ։ Այս պահին կարող եմ ասել, որ գնդակը ԱՄՆ դաշտում է։ Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի ներհամակարգային պրոցեդուրաներն անցնեն, այնուհետև մենք սկսենք աշխատել։ Սրանք հարցեր են, որ երկարաժամկետ ենք լուծելու»,- ասել էր Գրիգորյանը։