🎦ՊՆ նախարարը հանդիպել է երիտասարդների հետ

Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ օգոստոսի 12-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հյուրընկալել է ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների, քաղաքացիական բուհերի ուսանողների, մի շարք երիտասարդ սպաների և սփյուռքահայ երիտասարդների։

Ողջունելով և շնորհավորելով երիտասարդներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է երիտասարդության դերը և բնականոն ու սահուն սերնդափոխության անհրաժեշտությունը պետության կայուն զարգացման, առաջընթացի, այդ թվում նաև ԶՈՒ զարգացման տեսլականը կյանքի կոչելու գործում։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է ԶՈՒ-ում սկիզբ առած արմատական բարեփոխումներին, վերջին տարիներին կատարված լայնածավալ աշխատանքներին, այդ թվում՝ ինժեներական աշխատանքներին, բնակարանային ապահովման ծրագրին, ինչպես նաև ներդրված մի շարք հեռանկարային ծրագրերի, որոնց նպատակն է որակական նոր, ամուր հիմքեր ստեղծել պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար՝ զինված ուժերը համալրելով երիտասարդ, պատրաստված ու բանիմաց մասնագետներով։ Այս համատեքստում Սուրեն Պապիկյանը խոսել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին, որը լայն հնարավորություններ է ընձեռում երիտասարդներին՝ ժամկետային ծառայությունը սոցիալական արտոնությունների շոշափելի փաթեթով և բարձր աշխատավարձով փոխարինելու հնգամյա պայմանագրային ծառայությամբ։ Որպես սոցիալական կարևոր բաղադրիչ՝ անդրադարձ է կատարվել նաև սպաների ատեստավորման շարունակական գործընթացին։ Սուրեն Պապիկյանն իր խոսքում կարևորել է նաև ռազմական կրթության ոլորտում արդեն իսկ սկիզբ առած և ընթացիկ բարեփոխումները, ռազմատեխնիկական համագործակցության դիվերսիֆիկացված ծրագրերի կյանքի կոչումը, ՀՀ բանակում կանանց դերակատարության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, կրթության որակի կտրուկ բարձրացումը: Այս ամենի վերջնարդյունքը մեկն է՝ ունենալ մարտունակ և ժամանակակից մարտահրավերներին պատրաստ զինված ուժեր՝ ունակ բարձր մակարդակով կատարելու առաջադրված խնդիրները։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանել է նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց առաջարկներն ու դիտարկումները՝ վստահեցնելով, որ բոլոր խնդիրները ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են, ու արվում է առավելագույնը՝ դրանք լուծելու և սպայի պատվաբեր մասնագիտությունն առավել գրավիչ դարձնելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print