Երկրաշարժի հետևանքով Երանոս գյուղում բնակելի տներ են վնասվել

«Այս պահի դրությամբ Գեղարքունիքի Երանոս գյուղում աշխատում են մարզային և համայնքային հանձնաժողովները, ճշգրտում, արձանագրում են երկրաշարժի հետևանքով առաջացած վնասի չափերը». Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը։

«Ընդհանուր առմամբ, հիմնականում բնակելի տների վրա կան տարբեր բացվածքի ճեղքեր։ Կան հին տներ, որոնք փլվել են․ այսպիսի վիճակ է»,- ասաց Բավեյանը։

Վարչական ղեկավարից հետաքրքրվեցինք, թե մոտավորապես քանի շինություն է վնասվել․ Բավեյանն ասաց, որ տեղեկություն չունի, քանի որ ուսումնասիրությունն ընթացքի մեջ է։

Հարցին՝ խոշոր ենթակառուցվածքներ, դպրոց, մանկապարտեզ վնասվե՞լ է, Բավեյանն ասաց, որ այս պահին նման ինֆորմացիա չկա, քանի որ հանձնաժողովը ուսումնասիրությունը դեռ չի ավարտել։

Հիշեցնենք՝ օգոստոսի 12-ին, գիշերը ժամը 02:02-ին, Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքում՝ 5 բալ, Կոտայքում՝ 4 բալ, և Երևանում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print