Պայքարելու ենք մինչև վերջ. Գիլոյանը՝ Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի բողոքարկման ընթացքի մասին

Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանի դրոշակակիրը եղել է հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ամփոփել է հայ մարզիկների մրցելույթները, խոսել Փարիզ-2024-ի կազմակերպչական հարցերի, օգոստոսի 28-ից մեկնարկելիք Պարալիմպիկ խաղերին Հայաստանի մասնակցության, ինչպես նաև Փարիզում գործող «Հայաստանի օլիմպիական տան» մասին:

Արդյունքները՝ բավարար

«Օլիմպիական խաղերը մարզական ամենադժվար իրադարձությունն են, որը կազմակերպիչների համար դառնում է լուրջ փորձություն. հեշտ չէ ընդունել շուրջ 11 հազար մարզիկի, մեծ թվով պատվիրակությունների, բազմամիլիոնանոց երկրպագուների: Կարծիքներն ու նախասիրությունները կարող են տարբեր լինել, բայց սա Օլիմպիական խաղեր են, այստեղ պետք է խաղաղություն տիրի, քանի որ ի սկզբանե Օլիմպիական խաղերը ստեղծվել են պատերազմները դադարեցնելու գաղափարի շուրջ: Կազմակերպչական առումով Փարիզի խաղերը, իմ կարծիքով, լավագույններից էին: Փարիզը կարողացավ սիրով ընդունել օլիմպիականներին, և վստահ եմ՝ շատերի համար այս խաղերը կմնան որպես լավագույն հիշողություն»,- ասում է Կարեն Գիլոյանը:

Անդրադառնալով Հայաստանի մարզիկների գրանցած արդյունքներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշում է, որ մեր 15 մարզիկներից 3-ը այսպես կոչված «սպիտակ քարտով» էին մասնակցում Օլիմպիական խաղերին և նրանցից մեդալների ակնկալիք չկար, իսկ ընդհանուր արդյունքները գնահատում է բավարար:

«ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունն ու մշակած ռազմավարությունը չեն կարող արագ արդյունք տալ: Սպորտում այսօրվա ներդրումը վաղը մեդալի չի վերածվում. դրա համար ժամանակ է պահանջվում: ՀՀ կառավարության կողմից սպորտի ոլորտում վարվող քաղաքականության արդյունքն այս պահին ավելի տեսանելի է պատանեկան և երիտասարդական առաջնություններում՝ դատելով մեդալներից: Վստահ եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք և Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում կունենանք հստակ առաջընթաց: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կունենանք մասնագիտական վերլուծություններ, քննարկումներ, իսկ հետո կաշխատենք ֆեդերացիաների հետ՝ նախապատրաստվելով հաջորդ խաղերին»,- վստահեցնում է փոխնախարար Գիլոյանը:

Հայաստան՝ Փարիզի սրտում

Օլիմպիական խաղերի ողջ ընթացքում Փարիզի 17-րդ թաղամասում՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում, գործել է «Հայաստանի օլիմպիական տունը»: Նախաձեռնությունն իրականություն է դարձել «Fastex», «Յունիբանկ» և «Յուքոմ» ընկերությունների աջակցությամբ:

«Երկրպագուներն առաջին անգամ հնարավորություն են ունեցել մրցման հենց հաջորդ օրը հանդիպել մարզիկների հետ, շփվել նրանց հետ: Կազմակերպել ենք մրցումների համատեղ դիտումներ, որոնց մեծ թվով մարդիկ են ներկա եղել: Կարծում եմ՝ սա շատ հաջողված նախաձեռնությունն էր: Մեկ պատառ շատ ջերմ ու խանդավառ Հայաստան կարողացանք ունենալ Փարիզի սրտում»,- ասում է Կարեն Գիլոյանը:

Պարալիմպիկ խաղերի մասնակցության մասին

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը Փարիզում մեկնարկելիք Պարալիմպիկ խաղերին Հայաստանն առաջին անգամ վարկանիշ նվաճած ներկայացուցիչներ կունենա: Խաղերին կմասնակցեն Հայաստանի ազգային Պարալիմպիկ հավաքականի մարզիկներ Գրետա Վարդանյանը (պարածանրամարտ), Սմբատ Կարապետյանը (սայլակավազք) և Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում):

Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի բողոքարկման ընթացքի մասին

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի՝ իրանցի ըմբիշի հետ եզրափակիչ գոտեմարտի բողոքարկման ընթացքին:

«Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրավոր պատասխանել է՝ նշելով, որ մրցավարները ճիշտ են դատել:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, կցելով ֆեդերացիայի բողոքարկումը և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանը, դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին: Առաջին արձագանքը հետևյալն էր՝ «Ի լրումն ուղարկեք, թե որ դրվագում կոնկրետ ինչն է բողոքարկվում»: Առաջիկա մեկ-երկու օրերին հավելյալ փաստեր կուղարկվեն բողոքարկման հանձնաժողով: Մենք ունենք տեսագրություններ, որտեղ նույն դրվագի համար՝ այլ գոտեմարտում, գորգից դուրս եկողին զգուշացրել են, իսկ հակառակորդին տվել են միավոր: Այսինքն՝ ունենք փաստ, որ Արթուր Ալեքսանյանի դեպքում եղել է ճիշտ հակառակ վերաբերմունք: Առավել քան վստահ ենք՝ Արթուր Ալեքսանյանն այդ գոտեմարտում չէր պարտվի, հատկապես որ դրանից հետո որևէ միավոր չի եղել, որևէ գործողություն չի եղել: Պայքարելու ենք մինչև վերջ, հույսեր ունեմ, որ ազնիվ կգտնվեն և արդարությունը կվերականգնվի»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Հայաստանի Օլիմպիական հավաքականը մեդալներ նվաճած 91 հավաքականների շարքում 66-րդն է` 3 արծաթե և 1 բրոնզե մեդալով։ Հայաստանի ներկայացուցիչներից ՕԽ փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, մարմնամարզիկ Վահագն Դավթյանն ու ծանրորդ Վարազդատ Լալայանը, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Հատկանշական է՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն Օլիմպիական խաղերի թիմային հաշվարկում 5-րդն է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print