Շմոլ գազից թունավորման և 26-ամյա կնոջ մահվան դեպքով մեղադրանք է ներկայացվել փականագործին

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ավարտվել է ՍՊ ընկերության փականագործի կողմից անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

«Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Վանաձորի 21-ամյա բնակիչը, աշխատելով ՍՊ ընկերության Վանաձորի տեղամասում՝ որպես փականագործ, սպասարկելով Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում գտնվող շենքի բնակարանը, վերջին անգամ՝ 2022 թվականի սեպտեմբերի 17-ին, հիշյալ բնակարանի ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման ժամանակ չի հայտնաբերել բաժանորդի կողմից լոգարանում առանց անհրաժեշտ տեխնիկական պայմանների ապահովման տեղադրված և ներտնային գազասպառման համակարգին միացված ուղղաձիգ ծխահեռացման համար նախատեսված «MERCURY» մոդելի 12լ տարողությամբ գազի արագային ջրատաքացուցիչ սարքի տեղադրման և դրա շահագործման անհամապատասխանությունը` տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, ինչպես նաև միջոցներ չի ձեռնարկել խախտումով շահագործվող գազի արագային ջրատաքացուցիչ սարքի գազամատակարարումը դադարեցնելու, գազի սնուցման պողպատյա իջուցիկ խողովակի վրա առկա փականը խցափակելու ու հոլոգրաֆիկ կնիքով կնքելու ուղղությամբ։ Արդյունքում, 2022 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 23։45-ի սահմաններում, խախտումով տեղադրված գազի վերոհիշյալ արագային ջրատաքացուցիչի շահագործումից արտանետված՝ արյունը ախտահարող կարբօքսիհեմոգլոբին թույնի հետևանքով օրգանիզմի ընդհանուր էկզոգեն սուր թունավորումից կյանքից զրկվել է հիշյալ բնակարանում ժամանակավորապես բնակվող 26-ամյա կինը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ ՍՊ ընկերության փականագործին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print