Քաղաքաշինության կոմիտեն հրապարակել է քաղաքաշինության ոլորտի կազմակերպություների լիցենզավորման վերաբերյալ ուղեցույց.
1. Ինչպե՞ս կարող են քաղաքաշինության ոլորտի տնտեսվարող սուբյեկտները դիմել լիցենզավորման համար
Տնտեսվարող սուբյեկտի տնօրենը պետք է մուտք գործի urban.e-gov.am էլեկտրոնային համակարգ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով։ Սկզբում «Քաղաքաշինության ոլորտի լիցենզիաներ» հատվածից անհրաժեշտ է ընտրել ոլորտը՝ կատարված աշխատանքից և այլ չափանիշներից կախված համապատասխան դասի լիցենզիա ստանալու համար։ Այնուհետև լիցենզիայի ոլորտից կախված պետք է ընտրել համապատասխան ներդիրը և յուրաքանչյուր ներդիրի համար լրացնել առանձին հայտ։
2. Եթե կազմակերպությունն ունի կնքված պայմանագրեր կամ հաղթող է ճանաչվել գնումների գործընթացում կամ ունի քաղաքաշինական չավարտված ծրագրեր, կարո՞ղ է հին լիցենզիայով շարունակել գործունեությունը և չվերալիցենզավորվել մինչև սեպտեմբերի 17-ը։
Լիցենզիայի և ներդիրի գործողությունը համարվելու է դադարեցված նույնիսկ այն պարագայում, երբ ձեռք բերված աշխատանքների կամ ծառայությունների պայմանագրային ժամկետները լրանում են 2024 թվականի սեպտեմբերի 17-ից հետո։
2022 թվականին ընդունված օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտել մեկ տարի անց, որից հետո ևս 9 ամիս անցումային ժամանակահատված է սահմանվել վերալիցենզավորման համար։ Ոլորտում գործող կազմակերպություններին տրվել է բավականաչափ ժամանակ մինչև սեպտեմբերի 17-ը լիցենզիայի դասակարգումը սահուն, առանց քաղաքաշինական ծրագրերի ընդհատման կազմակերպելու համար։
3. Ի՞նչ սկզբունքով կարող է լիցենզիա ստանալ ոլորտ նոր մուտք գործող կազմակերպությունը։
Առաջին անգամ լիցենզիայի համար դիմող կազմակերպությունը չի կարող ստանալ 1-ին՝ բարձր դասի լիցենզիա։ Նա կարող է դիմել քաղաքաշինական փաստաթղթերի կազմում (ծածկագիր N 01) և շինարարության իրականացում (ծածկագիր N 03) գործունեության տեսակների դեպքում միայն 3-րդ դասի լիցենզիայի կամ ներդիրի համար, իսկ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն (ծածկագիր N 02), շինարարության որակի տեխնիկական հսկողություն (ծածկագիր N 04) և քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում (ծածկագիր N 05) գործունեության տեսակների դեպքում՝ միայն 2-րդ դասի լիցենզիայի կամ ներդիրի համար: Սկսնակ կազմակերպությունը պետք է առաջնորդվի ՀՀ կառավարության 2023թ. նոյեմբերի 30-ի 2106-Ն որոշմամբ (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186529)։
4. Ո՞ր մասնագետները կարող են ներգրավվել հայտատուի կազմում:
Պատասխանատու մասնագետը և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագետները կարող են ներգրավվել, եթե առկա է օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր, որն ամրագրված է տվյալ մասնագետի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված անհատական հաշվի քաղվածքում։ Քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն աշխատանք կատարողների տվյալները չեն արտացոլվում համակարգում։
5. Ինչպե՞ս պետք է հիմնավորել մեքենաների, մեխանիզմների ներգրավվածությունը։
Ներգրավվածությունը հիմնավորելու համար անհրաժեշտ է կցել համապատասխան տեխնիկական անձնագիր կամ սեփականության վկայական, հաշվառման վկայագիր կամ վարձակալության պայմանագիր:
6. Հավաստագրված պատասխանատու մասնագետը կարո՞ղ է հանդես գալ ինժեներատեխնիկական (ԻՏԱ) անձնակազմում:
Հավաստագրված մասնագետը չի կարող հանդես գալ նույն ընկերության համապատասխան ոլորտի ներդիրի ԻՏԱ կազմում:
7. Պարտադի՞ր է, որ հայտատուի ինժեներատեխնիկական անձնակազմում ընդգրկված մասնագետն ունենա ոլորտին համապատասխան որակավորում և լինի հավաստագրված:
Ո՛չ, պարտադիր չէ: Նա պետք է ունենա միայն բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ, վկայական և այլն)՝ անկախ ոլորտից (ՀՀ կառավարության 30.11.2023թ. N 2106-Ն որոշում, 1-ին հավելված, 10-րդ կետ, 3-րդ ենթակետ):
8. Լիցենզիա և համապատասխան ներդիր ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Քաղաքաշինության բնագավառի լիցենզիա և համապատասխան ներդիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանված է «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը հաստատելու մասին» N 2106-Ն որոշան 1-ին հավելվածի 10-րդ կետով (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186529):
Հարկ է նշել, որ urban.e-gov.am էլեկտրոնային հարթակը, համակցված լինելով տեղեկատվական այլ բազաների հետ, հնարավորություն է տալիս ինքնաշխատ եղանակով արտացոլել և ստուգել մի շարք տվյալներ։
Որպես փաստաթուղթ կցվում են՝
- կազմակերպության կողմից կատարված առնվազն 1 աշխատանքի կամ ծառայության վերաբերյալ ընդունող հանձնաժողովի արձանագրության կամ ավարտական ակտի կամ ծածկված աշխատանքների ակտերի կամ կատարողական ակտերի և իրավահաստատող այլ փաստաթղթերի բնօրինակների սքանավորված տարբերակները.
- ոլորտից կախված՝ նաև մեքենաների, մեխանիզմների և տեխնիկական միջոցների, սարքավորումների սեփականության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթեր (տեխնիկական անձնագրի, վարձակալության պայմանագրի, սեփականության վկայականի և այլ հիմնավորող փաստաթղթերի պատճեններ), շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն և լրացուցիչ այլ փաստաթղթեր, տեղեկություններ, նյութեր:
9. Էլեկտրոնային լիցենզիայից բացի հնարավո՞ր է ունենալ լիցենզիայի թղթային տարբերակը։
Քաղաքաշինության կոմիտեն պատասխանատու մասնագետի հավաստագրի և տնտեսվարող սուբյեկտի լիցենզիայի թղթային տարբերակներ չի տրամադրում. դրա անհրաժեշտությունը չկա։ Վավերականությունը հաստատվում է QR կոդով։
Լրացուցիչ հարցերի դապքում կարող եք դիմել Քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչություն՝ 011 621 761, 011 621 763, 011 621 766, 011 621 812 և 011 621 730 հեռախոսահամարներով, իսկ տեխնիկական հարցերով՝ «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ՝ 010-58-59-80 կամ 0-8000-2020 հեռախոսահամարներով։