Կենսաթոշակներն ու նպաստները կավելանան․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

2023թ–ին ՀՀ–ում նվազագույն կենսաթոշակը նախատեսվում է հասցնել 36 000 դրամի։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ–ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նախարարը նշեց 2023թ-ի հուլիսի 1-ից նվազագույն թոշակի չափը կավելանա 4 400 դրամով` ներկայիս 31 600 դրամից հասնելով 36 000–ի։

Անդրադառնալով կենսաթոշակների հաշվարկամն ձևին՝ նախարարը նշեց, որ նախատեսվում է 1 տարվա ստաժի համար սահմանել մեկ արժեք` 525 դրամ` ներկայիս 500 դրամի փոխարեն, իսկ զինվորական ծառայության 1 տարվա արժեքը կսահմանվի 1700 դրամ` ներկայիս 1600 դրամի փոխարեն։

Նախարարը նաև հավելեց, որ 2023թ-ից նախատեսում են՝

  • Պարտադիր ժամկետային ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության կենսաթոշակի չափը 1-ին կարգի հաշմանդամության համար հասցնել 50 600 դրամի` ներկայիս 46000 դրամի փոխարեն
  • 2-րդ խմբի հաշմանդամի համար` 41 400 դրամ` 36 000 դրամի փոխարեն
  • 3-րդ խմբի հաշմանդամի համար 38000 դրամ` այժմ գործող 33 000 դրամի փոխարեն
  • զոհված ժամկետային զինծառայողների ընտանիքներին տրվող կենսաթոշակը 2023թ–ի հուլիսից կդառնա 38000 դրամ` ներկայիս 33 000 դրամի փոխարեն
  • նպաստառու ընտանիքներին տրվող նպաստի միջին չափը կկազմի 33 350 դրամ
  • նվազագույն աշխատավարձը ևս կդառնա 75 000 դրամ` 68 000 դրամի փոխարեն։

Նախարարի խոսքով սոցիալական այս և այլ ծրագրերի ֆինանսավորման ավելացման արդյունքում 2023թ–ի պետական բյուջեի սոցիալական հատվածը կկազմի 648.5 մլրդ դրամ` 2022թ–ի 579.8 մլրդ–ի փոխարեն։

Հիշեցնենք, որ այս ավելացումն ի սկզբանե ծրագրված էր 2023թ–ի հունվարի 1-ից, սակայն հարկային եկամուտների ավելացման արդյունքում որոշումը կառավարությունն ընդունեց ավելի շուտ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print