«COP 29» միջոցառման անցկացումը Բաքվում չի կարող լեգիտիմ լինել, քանի դեռ հայ- ադրբեջանական փոխհարաբերություններին վերաբերող մարդասիրական բնույթի խնդիրները մնում են չլուծված։ Ադրբեջանը, իր իմիջը, միջազգային վարկանիշը բարձր պահելու նկատառումներից ելնելով, հնարավոր է նորից գնա գործարքի և ազատ արձակի որոշակի թվով գերիների, բայց, կարծում եմ, նրանց մեջ չեն լինի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամները, պետք է իրատես լինենք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։
Իրավապաշտպանը գնահատմամբ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գլխագինն ավելի բարձր է և այս անձանց կալանավորման առնչությամբ Բաքուն ունի այլ ծրագրեր, եւ նրանց չեն վերադարձնի, քանի դեռ այդ ծրագրերն ամբողջովին ի կատար չեն ածվել։
«Այս պլանի կարևոր բաղադրատար են կազմում դատավարությունները, որոնք պետք է վերարտադրեն, այսպես ասած, Նյուրնբերգյան դատավարությունները։ Կարծում եմ՝ կա դրական կանխատեսում, որ միջացառմանը նախորդող ժամանակահատվածում, Ադրբեջանն իր վարկանիշը փրկելու համար, որոշակի թվով հայեր, այնուամենայնիվ, ազատ կարձակի»,- ասաց Սահակյանը:
Նա հիշեցրեց, որ «COP 29»-ը Բաքվում անցկացնելու գործոնը մեկ անգամ արդեն օգտակար եղել է։ Դա այնքան կարևոր միջոցառում էր Ադրբեջանի համար, որ դրա անցկացումը հաստատելու հարցում կարևորվեց Հայաստանի քաղաքական աջակցությունը և այս կոնտեքստում հայրենադարձվեցին նաեւ գերիներ:
«32 գերիների վերադարձը իրականում պայմանավորված էր երկու գործոնով, որոնցից մեը ադրբեջանցի հանցագործների վերադարձն էր, որի համար Ադրբեջանը պատրաստ չէր մեծաթիվ ռազմագերիներ ազատ արձակելու, ուստի աշխատեց երկրորդ գործոնը, դա «COP 29»-ի անցկացումն էր Բաքվում, որի համար անհրաժեշտ էր, որ ՀՀ-ն հրաժարվեր իր թեկնածությունից և այս բանակցությունները հանգեցրեցին նրան, որ ազատ արձակվեցին գերիներ, բայց փոխարենը Ադրբեջանը դարձավ միջոցառումը հյուրընկալող երկիր»,- ասաց Ս. Սահակյանը:
Նշենք, որ այս պահին Բաքվում ունենք պահվող 23 հայ, որոնց այնտեղ գտնվելը պաշտոնապես հաստատվել է, սակայն տվյալներ կան եւս 80 անձի գերեվարվելու մասին, որոնց տվյալները Բաքուն դեռ պաշտոնապես չի հաստատել։