«Օգոստոսի 12-ի երկրաշարժից հետո Մարտունու համայնքապետի գլխավորությամբ և փրկարար ծառայության հետ համատեղ ստեղծվել է հանձնաժողով։ Երկրաշարժից հետո փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է շուրջ 120 զանգ՝ կապված հետցնցումների, վնասների հետ»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացնելով իրավիճակը՝ ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրություն է կազմվել 82 շենք-շինության վերաբերյալ։
«Դրանք բնակելի տներ են և կից շինություններ։ Երանոս գյուղում 56 բնակելի տանն արձանագրվել են ճաքեր, 4 անասնագոմի հողաշեն պատերից պոկվել են քարեր, 22 շենք-շինության, այդ թվում՝ Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի, մանկապարտեզի, անասնագոմերի պատերին առկա են եղել ճաքեր, Ծակքարում վնասվել են միջնակարգ դպրոցի, Սբ․ Աստվածածին եկեղեցու և մշակույթի տան պատերը․ եղել են ճաքեր»,- ասաց Նարեկ Սարգսյանը։