Կառավարությունը կփոխհատուցի Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքով աղետի գոտի ճանաչված տարածքներում գյուղատնտեսական ոլորտում բնակչությանը պատճառած վնասները։
Նախագծով աջակցություն է տրամադրվում աղետի հետևանքով ոչնչացված կամ անկած գյուղատնտեսական կենդանիների համար, ինչպես նաև ոչնչացված, կորսված կամ վնասված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների համար․
«Նախագծով աջակցություն է տրամադրվում համայնքների տնտեսությունների գրքերում հաշվառված խոշոր եղջերավոր անասունների դեպքում նաև «Անիպաս» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տվյալների հետ համադրված կենդանիների համար գնահատված արժեքի 100%-ի չափով։ Երկրորդ կետով՝ համայնքների տնտեսությունների գրքերում չհաշվառված կենդանիների դեպքում գնահատված արժեքի 50%-ի չափով, բացառությամբ խոշոր եղջերավոր անասունների և ծիածանափայլ իշխանի մայրական կազմի, որի հաշվառված չլինելու դեպքում փոխհատուցում չի տրամադրվի»,- ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Երրորդ կետով տնամերձ հողամասերին՝ սեփականության վկայականի առկայության դեպքում, միանվագ 150 հազար դրամ կհատկացվի։
Չորրորդ կետով՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա պտղատու ծառեր, հատապտղի թփեր մշակված լինելու և ցանքեր իրականացնելու դեպքում անշարժ գույքի սեփականության իրավունքի առկայության պայմաններում գնահատված արժեքի 100%-ի չափով։
5-րդ կետով՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա պտղատու ծառեր, հատապտղի թփեր մշակված լինելու և ցանքեր իրականացնելու դեպքում գնահատված արժեքի 30%-ի չափով։
Աջակցություն ստանալու համար շահառուն մինչև սեպտեմբերի 6-ը պետք է դիմի համայնք՝ նշելով, թե կարգի որ կետին է համապատասխանում և ներկայացնում կորստի վերաբերյալ տեղեկատվությունը, որից հետո տվյալները ներկայացվում են հանրապետական հանձնաժողովի հաստատմանը։ Այնուհետև ՆԳՆ-ն հաստատված հայտերը ներկայացնում է էկոնոմիկայի նախարարություն, որն էլ իրականացնում է փոխհատուցումը։