Իրանի Խաշ քաղաքում անկարգություններ են սկսվել, որի ընթացքում մասնակիցները հարձակվել են քաղաքապետարանի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով «Tasnim» գործակալությանը։
«Այդ մարդիկ հակապետական կարգախոսներ են հնչեցնել, այնուհետև սկսել են քարեր նետել և կրակ բացել քաղաքապետարանի շենքի ուղղությամբ… Անկարգությունների մասնակիցները նաև մի քանի մեքենա են այրել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ քաղաքային կառավարման անվտանգության ուժերը արագ արձագանքել են հարձակմանը, ինչի արդյունքում բախումները դադարել են։ Tasnim–ի տվյալներով` մի քանի մարդ վնասվածքներ է ստացել։
Հիշեցնենք, որ արդեն ավելի քան մեկ ամիս է` Իրանում շարունակվում են անկարգությունները, որոնք սկսվել են սեպտեմբերին Մահսա Ամինիի մահից հետո։ Աղջիկը մահացել էր ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո։ Բողոքի ցույցեր ու անկարգություններ են անցկացվում Գիլան, Խուզեստան, Բելուջիստան և Սիստան նահանգներում, Թեհրանում և Քրդստանում։