ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ ցանկացած ձևաչափով, որին կհամաձայնեն կողմերը, և որտեղ նրանք կարող են առաջընթաց գրանցել: Այդ մասին հայտարարել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝ ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցման՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ապագայի և դրա շուրջ ամերիկյան կողմի դիրքորոշման հետ:
«Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին։ Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմի հետ ցանկացած ձևաչափով, որի շուրջ կողմերը կարող են գալ համաձայնության և որտեղ կարող են գրանցել առաջընթաց»,- հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից: