Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկել է երկրի տարածքում Ռուս Ուղղափառ եկեղեցու (ՌՈւԵ) եւ նրա հետ կապված կազմակերպությունների արգելման օգտին։ Օրինագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ, տեղեկացրել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով «Գոլոս»-ից ժողպատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակին։
«Կողմ» է քվեարկել 265 պատգամավոր։ Ժելեզնյակի խոսքով՝ օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակումից 30 օր հետո։
«Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին կունենա 9 ամիս՝ ՌՈւԵ-ի հետ կապերը խզելու համար»,- գրել է խորհրդարանականը։
Օրենքի 5-րդ հոդվածը («Խղճի եւ կրոնական կազմակերպությունների ազատության մասին») լրացվում է ձեւակերպմամբ, որից հետեւում է, որ թույլ չի տրվում կրոնական կազմակերպությունների գործունեությունը, որոնք կապվում են եկեղեցու ազդեցության կենտրոնների հետ, որի ղեկավարող կենտոնը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։
6-րդ հոդվածի 16-րդ մասը լրացվում է այն կետով, որ խախտումների բացահայտման դեպքում կրոնական կազմակերպության գործունեությունը կարող է դադարեցվել դատական կարգով, ըստ գործադիր իշխանության կենտրոնական մարմնի հայցի, որն իրականացնում է կրոնի ոլորտի պետական քաղաքականությունը (կամ դատախազի հայցով)։
Օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակումից մեկ ամիս հետո։ Փաստաթուղթը դեռ պետք է ստորագրի Ուկրաինայի նախագահը։