Կարեւորը թիրախների ճիշտ ընտրությունն է․ «Հայաստանի Հանրապետություն»

Ֆրանսիայի սենատորների առաջարկած պատժամիջոցները կստիպեն Բաքվին զերծ մնալ սադրանքներից

Սոչիի եռակողմ հանդիպումից երեք օր անց Բաքուն վերադարձավ իր նախկին գործելաոճին՝ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման մասին ապատեղեկատվության տարածմանը: Ադրբեջանի ՊՆ-ն նոյեմբերի 3-ին եւ 4-ին նույնաբովանդակ երկու տեղեկություն տարածեց:

Ադրբեջանի այս վարքն ավելորդ անգամ փաստում է, որ նրա ագրեսիվ պահվածքը զսպելու համար ավելի գործուն միջոցներ են պետք, մասնավորապես՝ հասցեական պատժամիջոցներ: Վերջիններս պետք է ուղղված լինեն Բաքվի համար առավել զգայուն ոլորտներին: Նոյեմբերի 15-ին նման կարեւոր առաջարկությամբ է պատրաստվում հանդես գալ Ֆրանսիայի Սենատը:

Վեց սենատոր բանաձեւով Ֆրանսիայի կառավարությանը կոչ են անում եվրոպացի գործընկերների հետ միասին դիտարկել ամենակտրուկ միջոցները, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավումը եւ գազի ու նավթի ներմուծման էմբարգոն։

Սենատորները կառավարությանն առաջարկում են դիտարկել Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման, ինչպես նաեւ  միջազգային կազմակերպության հովանու ներքո այստեղ անվտանգության ուժերի տեղակայման, ինչպես նաեւ Արցախի Հանրապետությունում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցերը: Փաստաթղթում կրկին բարձրացվում է Արցախի Հանրապետության ճանաչման եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար այն բանակցային գործընթացում ներառելու հարցը: Փաստաթղթում այդ առումով հիշատակվում է 2020 թ. նոյեմբերի 25-ին Սենատի ընդունած՝ Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին թիվ 26 որոշումը: Ֆրանսիայի Սենատում շրջանառվող բանաձեւում առանցքային եւ առարկայական պատժամիջոցներ են նախանշված: Էներգակիրների ոլորտն Ադրբեջանի ամենազգայուն կետն է, նրա տնտեսության հիմնական մասը, հետեւաբար՝ նաեւ սպառազինման հիմնական եկամուտների աղբյուրը: Այսօր Բաքվի վարքը պայմանավորված է կուտակած սպառազինության աննախադեպ մեծ քանակով, եւ տարածաշրջանում սադրանքները զսպելու համար պետք է հավասարակշռություն ապահովվի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, ինչի մասին ասվում է նաեւ վերոնշյալ բանաձեւում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print