Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում՝ հետևելու կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի ընթացքին։
Սյունիքի մարզում ավարտին է մոտենում Վաղատինի միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման ծրագիրը։ Կատարվում են արտաքին բարեկարգման և ներքին հարդարման վերջին աշխատանքները։ Նախատեսվում է դպրոցը շահագործման հանձնել սեպտեմբերին։
Հաջորդիվ կոմիտեի ղեկավարը Վայոց ձորի մարզում հետևել է Գոմքի միջնակարգ դպրոցի տիպային («մոդուլային») շենքի կառուցման ծրագրի ավարտական փուլի աշխատանքներին։ Դիտարկվել է նախորդ շրջայցի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Այստեղ ևս ուսումնական նոր տարվան ընդառաջ շինարարական վերջին աշխատանքներն են իրականացվում։
Եղիազար Վարդանյանը ծրագրերն իրականացնող շինարարներին տվել է վերջին ցուցումները և հորդորել կենտրոնացնել ողջ ներուժը՝ սահմանված ժամկետում բարձր որակի ապահովմամբ ավարտելու շինարարական աշխատանքները։
Կառուցվող դպրոցներն ունենալու են բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված են լինելու ապաստարանով: