Լրագրողների եվրոպական ֆեդերացիան կոչ է արել ուժեղացնել ճնշումը Բաքվի վրա

Եվրոպայի խորհրդի լրագրության պաշտպանության հարթակն արձանագրել է Ադրբեջանում լրագրողների ազատազրկման 23 դեպք՝ իրենց աշխատանքը կատարելու համար: 

«Մինչ Ադրբեջանի կառավարությունը Բաքվում կայանալիք COP29 համաժողովից առաջ ուժեղացնում է լրագրողների նկատմամբ ճնշումները, Լրագրողների եվրոպական դաշնությունը (EFJ) կոչ է անում միջազգային հանրությանը ուժեղացնել ճնշումը իշխանությունների վրա՝ ազատ արձակելու Ադրբեջանում անարդարացիորեն բանտարկված 23 լրագրողներին և լրատվամիջոցների աշխատակիցներին»,- այս մասին ասված է EFJ-ի հայտարարության մեջ։

2024 թվականի նոյեմբերի 11-22-ը Բաքվում տեղի կունենա կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի խորհրդաժողովը, որը հայտնի է որպես COP29։ Լրագրողների եվրոպական դաշնությունը կոչ է արել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարությանը ապահովել, որ համաժողովի բոլոր կազմակերպիչները, ներառյալ Ադրբեջանը, պահպանեն մարդու իրավունքների ոլորտում միջազգային հանձնառությունները և նման միջոցառումները որպես պատրվակ չօգտագործեն լրագրողներին ու քաղաքացիական հասարակության ակտիվիստներին հետապնդելու համար:

Եվրոպայի խորհրդի լրագրության պաշտպանության հարթակն արձանագրել է Ադրբեջանում լրագրողների ազատազրկման 23 դեպք՝ իրենց աշխատանքը կատարելու համար: 

«COP29-ին մասնակցող միջազգային պատվիրակությունները պետք է հրապարակայնորեն իրենց համերաշխությունը հայտնեն բանտարկված լրագրողներին։ Նրանք չեն կարող հանցակից լինել ռեժիմի բռնաճնշումներին»,- նշված է նամակում:

2024 թվականի ապրիլին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը նույնպես Ադրբեջանին կոչ է անում «անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին», իսկ ԵՄ-ին՝ պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ՝ մարդու իրավունքների լուրջ խախտումների համար: 

EFJ-ը կարծում է, որ ժամանակն է խոսքից գործի անցնել, ասված է հայտարարության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print