Ինձ հետ կատարվողը քաղաքական հետապնդում չէ. Առուշանյան

Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին պատժատեսակը փոխելու եւ նրան ազատազրկելու վերաբերյալ։

Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանն ավելի վաղ «Հրապարակ»-ի հետ զրույցում անգրագետ ծառայություն էր որակել Պրոբացիայի ծառայությունը, նշելով, որ այս կառույցի գործողություններն ապօրինի են։

Գորիսի քաղաքապետի դեմ սկսված իրավական գործընթացը որքանո՞վ է պրոբացիայի ծառայության տիրույթում, «Հրապարակ»-ն է հետաքրքրվել Առուշ Առուշանյանից: Վերջինս նշել է, որ պրոբացիան արել է այն, ինչը գտել է, որ իր լիազորությունների տիրույթում է։ 

«Ես այս գործով դեռեւս փաստաբան չունեմ։ Չեմ կիսում փաստաբանի այդ տեսակետը, որ պրոբացիայի ծառայությունն անգրագիտություն է արել։ Այս կառույցն արել է այն, ինչը գտել է, որ իր լիազորությունների տիրույթում է։ Մենք էլ մեր գործառույթն ենք կատարել, ավագանին էլ իր գործառույթը։ Դատարանը կտա այս հարցի վերջնական լուծումը։ Ես, լինելով պաշտոնյա՝ մեծագույն հարգանք ունեմ պետական կառույցների նկատմամբ»,-նշել է նա։

Արդյո՞ք համարում եք այս գործընթացը քաղաքական հետապնդում, հարցին ի պատասխան Առուշանյանն ասել է՝ ոչ։ «Ես քաղաքական գործիչ չեմ։Կալանավայրից դուրս գալուց հետո նույն օրն ասել եմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որ քաղաքական պատվերով դատվեմ։ Ես պայքարել եմ Արցախի համար»,-ընդգծել է Գորիսի քաղաքապետը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print