«Ադրբեջանի պատմական տարածքում գտնվող հուշարձան» է ներկայացվում «Զորաց քարեր» հուշարձանը. Monument Watch

Վերջին շրջանում Ադրբեջանը նպատակային արշավ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի դեմ և զանազան մշակութային միջոցառումներով փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումներն ու հայկական մշակութային ժառանգության յուրացման գործընթացին նոր ուղղություններ տալ՝ թիրախավորելով նյութական և ոչ նյութական ժառանգությունը, պատմությունը, ինքնությունը։ Այս մասին գրում է Monument Watch-ը:

Այդպիսի միջոցառում էր Բերձորում օգոստոսի 6-ին «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի նախաձեռնած հավաքը՝ «Սփյուռքի երիտասարդության հինգերորդ ամառային ճամբար»-ի շրջանակներում։ Հատուկ նպատակամիտվածությամբ այս ճամբարը, որն ընթանում էր օգոստոսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում, իր շուրջն էր համախմբել աշխարհի 60 երկրների շուրջ 115 երիտասարդների:

Միջոցառումը պետական նպատակամիտվածության է և քարոզում է Իլհամ Ալիևի՝ հայկական տարածքների յուրացման քաղաքականությունը, որի վառ ապացույցը Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից ֆինանսավորումն էր և Ադրբեջանի Հանրապետության Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի կողմից իրականացվող կազմակերպչական աշխատանքները:

Հանդիպման ընթացքում «Արևմտյան Ադրբեջան համայնք» կազմակերպության անդամները ելույթ են ունեցել ՀՀ սուվերեն տարածքի նկատկամբ ադրբեջանական բացահայտ նկրտումների, «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի մասին։ Հիշեցնենք, որ Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունեն ներկայիս Հայաստանի ողջ տարածքը։

Ցուցադրվել են նաև «Հայացք Արևմտյան Ադրբեջանին» վավերագրական ֆիլմը, լուսանկարներ, որտեղ ՀՀ պատմական հուշարձանները ներկայացված են որպես «ադրբեջանական» հնագույն ժառանգություն։

Ի թիվս արդեն իսկ ադրբեջանական հռչակված Սևանի, Սյունիքի և Երևանի, այս անգամ «Ադրբեջանի պատմական տարածքում գտնվող հուշարձան» է ներկայացվում նաև Սիսիանի տարածաշրջանում գտնվող «Զորաց քարեր» պատմամշակութային հուշարձանը։

Հիշեցնենք, որ այսպիսի միջոցառումները շարունակական բնույթ են կրում, և նախորդը տեղի էր ունեցել Նախիջևանում՝ հունիսի 21-ից 22-ը անցկացված ազգագրական փառատոն-համագումարի շրջանակներում, որը կրում էր «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագիրը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print