Երերույքը, Հին Խնձորեսկը, Բերդկունք ամրոցը, Նորատուսի խաչքարերը կդառնան պատմամշակութային արգելոցներ

2018-ից առ այսօր ստեղծվել է 6 պատմամշակութային արգելոց՝ Բջնի ամրոցը, Սմբատաբերդը, Դաշտադեմ ամրոցը, մայրաքաղաք Դվինը, Աղձքը, Արտաշատ մայրաքաղաքը:

Առաջարկվում է ստեղծել «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցներ: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության օգոստոսի 29-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Այս հուշարձանների տարածքներում, ըստ նախարարի, բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները, և շատերը չեն այցելում այդ վայրեր: Որոշման արդյունքում կբարեկարգվեն տարածքները, կտեղադրվի տոմսային տնտեսություն, կգործի պահակակետ, անվտանգության ապահովման համակարգ, կանցկացվի լուսավորություն, կգործեն էքսկուրսավարի, գիտաշխատողի ծառայություններ: Այս վայրերն արգելոց դարձնելու գործընթացը լրացուցիչ ֆինանսական պարտավորություն չի առաջացնի պետության համար:

«Պահպանումն ու շահագործումն իրականացվելու է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցների հաշվին: Մասնավորապես՝ արգելոցների ստեղծումից և տոմսային տնտեսության գործարկումից հետո հենց տոմսերի վաճառքից ստացված եկամուտներից էլ իրականացվելու են դրանց հետագա պահպանությունն ու զարգացումը»,- ասաց նախարարը:

Նա նաև հիշեցրեց՝ 2018-ից առ այսօր ստեղծվել է 6 պատմամշակութային արգելոց՝ Բջնի ամրոցը, Սմբատաբերդը, Դաշտադեմ ամրոցը, մայրաքաղաք Դվինը, Աղձքը, Արտաշատ մայրաքաղաքը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print