2022թ–ի 9 ամիսների ընթացքում Հայաստանից 879 մլն ԱՄՆ դոլարի գյուղմթերք է արտահանվել , որը գերազանցում է 2028թ–ի համար պլանավորած ցուցանիշը։ Այս մասին այսօր ԱԺ–ում, 2023թ–ի բյուջեի նախագծի գյուղատնտեսությանը վերաբերող հատվածի ներկայացման ժամանակ, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, սակայն նույն ժամանակահատվածում գյուղատնտեսությունը 0.7 տոկոսանոց անկում է ունեցել։ Անդրադառնալով ցուցանիշների անհամապատասխանությանը՝ Վահան Քերոբյանը նշեց, որ այն վիճակագրության թերի լինելու արդյունքն է։ Այդ իսկ պատճառով նախատեսվում է ընդունել գյուղատնտեսության մասին օրենք, որը թույլ կտա գյուղացիական տնտեսությունների համատարած հաշվառում իրականացնել։
«Արդյունքում կհասնենք նրան, որ գյուղացիական տնտեսություններն իրենց շրջանառությունները հաշվետվությունների տեսքով ներկայացնեն, ինչը թույլ կտա վիճակագրություն ունենալ։ Հիմա մենք գյուղատնտեսության մեջ ունենք միայն գնահատականներ, և ոչ թե վիճակագրություն»,– ասաց Քերոբյանը։
Քերոբյանի խոսքով գյուղատնտեսության մասին օրենքը նախատեսվում է ընդունել 2023թ–ին, որից հետո, նույն տարվա ընթացքում, Վիճակագրության կոմիտեն նախատեսում է գյուղատնտեսության ոլորտի հաշվառում իրականացնել. կճշտվի ՀՀ գյուղացիական տնտեսությունների քանակը, դրանց ունեցվածքն ու վիճակը։
Հավելենք, որ այդ նույն չճշտված տվյալներով՝ Հայաստանում այսօր 317 000 գյուղացիական տնտեսություն կա։ Խոշորացման քաղաքականության արդյունքում դրանց քանակը մինչև 2026թ–ը նախատեսվում է կրճատել մինչև 280 000–ի` գյուղատնտեսության արտադրողականությունը բարձրացնելու նպատակով։