Փաստաթուղթը սահմանված կարգով հրապարակային կդառնա առաջիկա երկուշաբթի, ներպետական համաձայնեցման ընթացակարգերի իրականացման շրջանակներում։
Այսօր հրապարակվեց պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին Կանոնակարգը ստորագրվել է։ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին։ Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ.
Հարց – Ըստ 2024 թվականի օգոստոսի 30-ի մամուլի հաղորդագրության, հանձնաժողովների համատեղ գործունեության մասին Կանոնակարգը համապատասխան կերպով ստորագրվել է: Որտե՞ղ է տեղի ունեցել ստորագրումը։
Պատասխան – Կանոնակարգը ստորագրվել է բնօրինակ փաստաթղթերը դիվանագիտական խողովակներով փոխանակելու միջոցով։
Հարց– Ե՞րբ կհրապարակվի Կանոնակարգի տեքստը։
Պատասխան – Փաստաթուղթը սահմանված կարգով հրապարակային կդառնա առաջիկա երկուշաբթի, ներպետական համաձայնեցման ընթացակարգերի իրականացման շրջանակներում։ Կանոնակարգը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, եւ այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:
Հարց – Ինչո՞ւ փաստաթուղթը հիմա չի հրապարակվում։
Պատասխան – Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության մեջ, ըստ էության, կանխապես բացահայտվել է փաստաթղթի առանցքային քաղաքական բովանդակությունը։ Փաստաթղթի ավելի ուշ հրապարակումը կապված է երկու երկրներում գործընթացները հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ։
Հարց – Ինչո՞ւ չպահպանվեց պայմանավորվածությունը մինչև 2024թ. հուլիսի 1-ը Կանոնակարգի նախագիծը համաձայնեցնելու վերաբերյալ։
Պատասխան – Հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովները մի քանի անգամ արդեն փոխանակված են եղել Կանոնակարգի նախագծի աշխատանքային տարբերակներով և առաջարկներով, սակայն բանակցությունների համար փաստացի մի փոքր ավելի շատ ժամանակ պահանջվեց նախագիծը վերջնական համաձայնեցնելու և ստորագրելու համար:
Հարց – Ե՞րբ կիրականացվի սահմանազատման հաջորդ փուլը և սահմանի ո՞ր հատվածում։
Պատասխան – Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կողմերը պայմանավորվել են, որ Կանոնակարգի հաստատումից հետո պետք է համաձայնեցնեն հերթականությունը և շարունակեն սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը:
Հարց – Արդյոք սահմանազատումը նույն սկզբունքով է շարունակվելու նաև սահմանի մնացյալ հատվածներում։
Պատասխան – Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրով եւ տվյալ հիմնարար սկզբունքը կամրագրեն նաեւ Կանոնակարգում։
Հարց – Որքա՞ն ժամանակ կարող է տեւել վավերացման գործընթացը:
Պատասխան – Ինչպես արդեն նշեցինք, փաստաթղթի վավերացման ընթացակարգի շրջանակներում այն ուղարկվելու է Սահմանադրական դատարան՝ դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը որոշելու համար: ՍԴ դրական դիրքորոշման առկայության դեպքում այն արդեն կներկայացվի ԱԺ վավերացմանը: