ՀՀ-ն չի հրաժարվել հանդիպումից: Ես ինքս Ադրբեջանի նախագահին առաջարկել եմ (ոչ թե անձամբ, այլ դիվանագիտական խոովակներով), որպեսզի տեղի ունենա հանդիպում երկկողմ ձևաչափով:
Տևական ժամանակ Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով, և դա որոշակի արդյունավետություն է ցույց տվել: Այդ մասին օգոստոսի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե ՌԴ-ն դերակատարություն ունի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վրա:
«Մենք կարծում ենք, որ պետք է կողմնորոշվենք այս հարցում, որովհետև ընդհանուր ըմբռնումը եղել է այն, որ այս փուլում մենք աշխատում ենք երկկողմ ձևաչափով, և քանի դեռ այդ ձևաչափով կարողանում ենք առաջ գնալ, կարծում եմ՝ ճիշտը հենց այդ ձևաչափն է: Ես այդ մասին ուղիղ և անկեղծ ասել եմ ՌԴ նախագահի հետ վերջին հեռախոսային զրույցի ընթացքում:
Մյուս կողմից՝ երկկողմ ձևաչափով աշխատելու այս արձանագրումն անելով՝ չեմ կարող ասել, թե բացառում եմ որևէ այլ ձևաչափով աշխատանք այն ընդգծմամբ, որ ամեն դեպք առանձին վերցրած ժամանակաշրջանում, առանձին վերցրած հարցի համատեքստում պետք է դիտարկել»,- ասաց վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ շատ քննարկումներ են եղել, այդ թվում՝ Լոնդոնում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ, և փորձ է արվել տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ն հրաժարվել է հանդիպումից:
«ՀՀ-ն չի հրաժարվել հանդիպումից: Ես ինքս Ադրբեջանի նախագահին առաջարկել եմ (ոչ թե անձամբ, այլ դիվանագիտական խոովակներով), որպեսզի տեղի ունենա հանդիպում երկկողմ ձևաչափով: Ինչո՞ւ. որովհետև նախկին շրջանում այդ ըմբռնումը փոխադարձաբար եղել է, որ մենք այս շրջանում աշխատում ենք երկկողմ ձևաչափում:
Եվ ես կարծում եմ՝ կարող ենք այս տրամաբանությունը շարունակել, որովհետև այս պահի դրությամբ արդյունավետ է: Ընդ որում՝ երբ գա, հասունանա պահը՝ բարձրագույն մակարդակում հանդիպում անցկացնելու՝ չբացառելով որևէ այլ ձևաչափ… բայց կարծում եմ, օրինակ, դա կարող է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունենա, այնտեղ, որտեղ սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպում, և ես պատրաստ եմ նաև այդպիսի շփումների:
Ինչ վերաբերում է եռակողմ ձևաչափերին, էլի ասում եմ, որ չբացառելով որևէ տարբերակ՝ տվյալ ժամանակաշրջանում, տվյալ իրադրության մեջ պետք է դրա նպատակահարմարությունը գնահատվի, գնահատվի արդյունքին միտված լինելու տրամաբանությամբ»,- ասաց նա: