Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցության հետ կապված՝ պատրաստ ենք տրամադրել ճանապարհներ. Փաշինյան

Ի՞նչ ճնշում պետք է լինի, որ մենք ինքներս ենք ուզում կոմունիկացիաները բացել: Այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե կա՞ն ճնշումներ կոմունիկացիաների և «Խաղաղության խաչմերուկի» հարցում:  

Վարչապետն անդրադարձավ նաև «միջին միջանցք» եզրույթին: «Մենք «միջին միջանցքի» որևէ նեգատիվ ընկալում չունենք, որովհետև, այո՛, «Խաղաղության խաչմերուկը» կարող է լինել նաև «միջին միջանցքի» մաս, որովհետև այդ նախագծերը՝ միջին միջանցք, այլ նախագծեր, մասշտաբով այնքան մեծ են, որ մի բաղադրիչից չեն բաղկացած, տասնյակ բաղադրիչներ կան՝ երկրներ, ռեգիոններ, կլիմայական գոտիներ, տրանսպորտային տեսակներ և այլն: Այնպես որ, մենք շահագրգռված ենք: Հասկանո՞ւմ եք՝ մենք ուզում ենք, որ կումունիկացիաները բացվեն»,- նշեց նա:

Այս գործընթացում, ըստ վարչապետի, Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության հետ կապված որևէ հարց չի կարող կասկածի տակ դրվել, և Հայաստանը պատրաստ է միջազգային կոմունիկացիաներով ճանապարհներ տրամադրել, կառուցել և գումար ներդնել:  

«Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցության հետ կապված՝ մենք պատրաստ ենք տրամադրել ճանապարհներ: Օդային ճանապարհներ տրամադրում ենք, ավտոմոբիլային ճանապարհներ պատրաստ ենք տրամադրել, երկաթուղային ճանապարհ պատրաստ ենք տրամադրել այս սկզբունքների հիման վրա:

Այս ընթացքում մենք արդյոք արձանագրո՞ւմ ենք, որ Նախիջևան-Ադրբեջան, այսինքն՝ Ադրբեջան-Ադրբեջան կապն ունի որոշ առանձնահատկություններ, որը չունի, ասենք, ենթադրենք, ամենայն հարգանքով, Ղազախստան-Հունաստան կապը… որոշակի առանձնահատկություններ: Այո՛, իհարկե, ակնհայտ է, որ կա այդպիսի բան: Պատրա՞ստ ենք արդյոք դա հաշվի առնել, նկատի ունենալ: Այո՛, իհարկե, պատրաստ ենք հաշվի առնել, նկատի ունենալ, բայց առանց նսեմացնելու, որևէ ձևով կասկածի տակ դնելու մեր ինքնիշխանությունը, մեր սահմանների անխախտելիությունը, տարածքների ամբողջականությունը, իրավազորությունը և, իմիջիայլոց, մեր երկրի տարածքում անվտանգությունն ապահովելու մեր պարտականությունը»,- ասաց նա:

Փաշինյանը նաև նշեց, որ կարող են անվտանգության լրացուցիչ գործառույթներ իրականացնել նաև ՀՀ-ում լիցենզավորված գործունեություն ծավալող պահնորդական կազմակերպությունները:

«Մեզ համար շատ կարևոր է, որ ինչպես Ադրբեջանի քաղաքացիները ՀՀ տարածքով անցնելիս զգան իրենց անվտանգ ու ապահով, նույն կերպ էլ ՀՀ քաղաքացիներն Ադրբեջանի տարածքով անցնելիս իրենց զգան ապահով ու անվտանգ: Եվ դա ո՞ւմ պատասխանատվությունն է առաջին հերթին. դա ինքնիշխան երկրների պատասխանատվությունն է՝ իրենց ինքնիշխան տարածքներում ապահովելու անվտանգություն»,- ասաց նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print