Ադրբեջանի ընդդիմությունը կոչ է անում միջազգային հանրությանը չճանաչել ընտրությունների արդյունքները

Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը դիմել է միջազգային հանրությանը` չճանաչել սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքները։

Խորհրդի հրապարակած հայտարարությունում նշվում է, որ «սեպտեմբերի 1-ի ընտրության նշանակումը հակասահմանադրական էր, այն անցկացվել է արդար քաղաքական մրցակցության բացակայության պայմաններում։ Քայլեր չեն ձեռնարկվել իշխող ռեժիմի շահերին հարմարեցված ընտրական օրենսդրությունը փոխելու ուղղությամբ:

Իշխանությունները թույլ չտվեցին ԵԽԽՎ պատվիրակությանը դիտորդական առաքելություն իրականացնել ընտրությունում և արգելեցին վեհաժողովի 76 անդամի մուտքն Ադրբեջան»։

Ըստ խորհրդի՝ ընտրությունը տեղի է ունեցել Abzas Medif, Toplum TV, Kanal 13-ի լրագրողների ձերբակալությունների և բանտարկությունների ֆոնին, որոնք ունեին ընտրությունները լուսաբանելու մասնագիտական ​​փորձ, ընտրողների մեծամասնությունը չի մասնակցել ընտրություններին, իսկ քվեարկելու եկածներին ներգրավել են վարչական ռեսուրսի միջոցով։

«Իլհամ Ալիևը հավատարիմ մնաց կեղծված ընտրությունների միջոցով իր իշխանությունը երկարացնելու ավանդույթին։ Ուստի Ազգային խորհուրդը որոշեց բոյկոտել ակնհայտ կեղծված ընտրությունները»,- ասված է խորհրդի հայտարարությունում։

«Ազգային խորհուրդը կոչ է անում ժողովրդին ակտիվ պայքարել նոր ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար, իսկ միջազգային հանրությանը՝ չճանաչել ընտրությունների կեղծ արդյունքները, ինչպես նաև դատապարտել կեղծիքների գործընթացը»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները վստահ են՝ «Ադրբեջանում ավտորիտար ռեժիմի մեքենայությունների նկատմամբ ցանկացած լոյալ, ոչ աներկբա վերաբերմունքը խոչընդոտում է երկրի ժողովրդավարացումը և Արևմուտքի հետ ինտեգրման գործընթացը»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print