Սյունիքի մարզի 117 դպրոցների առաջին դասարաններում սովորելու է 1528 աշակերտ: Նախորդ տարվա համեմատ առաջին դասարանցիների թիվն ավելացել է 10-ով։ Մարզի 11 դպրոցներում ուսումնական տարին սկսվել է առանց առաջին դասարանցիների, իսկ 12 դպրոցներում՝ մեկական առաջին դասարանցիներով։ Սյունիքի մարզի կրթական ոլորտի գլխավոր խնդիրը մասնագետների կարիքն է, որն հատկապես զգացվում է սահմանամերձ գյուղերի դպրոցներում։
«Եկել եմ դպրոց գիտելիք սովորելու․․
– Լա՞վ ես սովորելու
– Հա
– Ձեր գյուղը սահմանամերձ է, կրակոց լինում է
– Հա, լինում է,
– Բա՞ չես վախենում
– Ծը»
Սյունիքի մարզի Ծավ սահմանամերձ գյուղի դպրոցի առաջին դասարանի աշակերտ Ավետ Ասրյանն է։ Ասում է՝ դպրոցն ավարտելուց հետո գյուղի սահմաններն է պաշտպանելու։ Ծավում կյանքը շատ չի տարբերվում գյուղական մյուս բնակավայրերից, բայց անվտանգության հարցերն այստեղ առաջնային են։ Դպրոցի տնօրեն Հերմինե Աղաջանյանի հետ զրույցը սկսում ենք այդ թեմայից։
«Չէի ասի, ռիսկերը շատ են, անորոշություն կա, չգիտենք հաջորդ վայրկյանին ինչ կլինի։ Ունեցել ենք այդպիսի փորձ՝ 2022թ․ սեպտեմբերի 12-ին դպրոց էին գալիս ու սեպտեմբերի 13-ին հայտնի դեպքերը եղան։ Նույն 2020թ-ին»։
Դպրոցի տնօրենն ուրախությամբ ու հպարտությամբ է նշում, որ անվտանգային իրավիճակը սովորողների թվի վրա չի ազդել․ դպրոցում այս ուսումնական տարում 28 աշակերտ է սովորելու, 4 շրջանավարտ են ունենալու, իսկ առաջին դասարան ընդունվել է 2 տղա։ Անցած ուսումնական տարում դպրոցը 5 շրջանավարտ է ունեցել։ Սյունիքի մարզի դպրոցներում առաջին դասարանցիների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է։ Լսենք Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանին․
«Սյունիքի մարզի դպրոցներում 1514 առաջին դասարանցի 1528, նախարոդ տարվա համամեատ ավելացել է 10 երեխա։ Մարզում 11 դպրոց կա, որ չունեն առաջին դասարանցի, 12 դպրոցում էլ մեկական առաջին դասարանցի կա»։
Տիկին Գանդալյանը մարզի կրթական ոլորտի թիվ 1 խնդիրը համարում է մասնագետների պակասը։
«Այս պահին ունենք 93 դպրոց, որ մեծ թվով թափուր աշխատաղեր ունեն։ Հուսով եմ, որ ազատ տեղերի մեծ մասը կհամալրվի, քանի որ ունենք դիմումատուներ, բայց հատկապես հեռավոր վայրերում ունենք մասնագետների լուրջ խնդիր, որը լուծում ենք մենթորների միջոցով»։
Ծավի դպրոցում նույնպես ուսուցիչների կարիք կա։ Որն է պատճառը՝ գյուղի սահմանամերձ լինե՞լը, թե՞ հեռավորությունը։ Դպրոցի տնօրեն Հերմինե Աղաջանյան։
«Ավելի շատ սահմանամերձ լինելը, որովհետև հեռավորությունը չի խանգարում, ունեցել ենք ուսուցիչներ և ունենք, որ գալիս են քաղաքից։ «Դասվանդիր Հայաստան»-ի ուսուցիչներն են աշխատում այստեղ, ավելի շատ կարծում եմ սահմանամերձ լինելն է խնդիրը»
Կրթական ոլորտի պատասխանատուները համոզված են, որ գյուղական տարածաշրջաններում կրթահամալիրների բացումը կօգնի լուծել մասնագետների հարցը։ Սահմանամերձ Ծավի դպրոց առաջին անգամ ոտք դրած Առնոն ու Գոռը տարիներ անց ավարտելու են Ծավի կրթահամալիրը․ կառավարության ծրագրով 2026թ-ին սկսվելու է շինարարությունը։ Դպրոցի կրտսեր աշակերտները այսօր դժավարացան ասել, թե ինչ մասնագիտություն են ընտրելու՝ դեռ չեն որոշել, բայց Առնոն դասընկերոջը ընկերաբար խորհուրդ է տալիս անգիր անել ու հիշել Հովհաննես Թումանյանի «Թմբակերդի առում» պոեմի նախերգը․
«Գործն է անմահ լավ իմացեք, որ խոսվում է դարեդար
Երնեկ նրան որ իր գործով կապրի անվերջ անդադար»
armradio.am