Տուժել է 1140 բնակիչ, վնասվել է 251 բնակելի տուն. Լոռու մարզպետը մանրամասներ է ներկայացրել ջրհեղեղի հետևանքներից

Մարզպետի գնահատմամբ՝ ահռելի են եղել  ենթակառուցվածքների վնասների ծավալները․ մոտ 42 հատվածներում ճանապարհները մասնակի կամ ամբողջությամբ վնասվել էին, ամբողջությամբ վնասված ճանապարհները 5-ն են։

Ընթացիկ տարվա մայիսին հեղեղումներից տուժել է Հայաստանի Լոռու մարզի 6 խոշորացված համայնքի 1140 բնակիչ, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է  Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։

«Մասնակի կամ ամբողջովին վնասվել է 251 բնակելի անհատական տուն ու բնակարան։ Տուժել է նաև 124 տնտեսվարող։ Բացի անշարժ գույքից, վնասվել են նաև տրանսպորտային միջոցներ, որոնց ընդհանուր թիվը կազմում է 166»,-մանրամասնել է Ղազարյանը՝ հավելելով, որ հեղեղումների հետևանքով մեծ վնասներ են պատճառվել նաև գյուղատնտեսությանը՝ տնամերձ այգիներին, մի շարք բնակավայրերում էլ գետը քշել է տնամերձերում պահվող անասուններին։

Մարզպետի գնահատմամբ՝ ահռելի են եղել  ենթակառուցվածքների վնասների ծավալները․ մոտ 42 հատվածներում ճանապարհները մասնակի կամ ամբողջությամբ վնասվել էին, ամբողջությամբ վնասված ճանապարհները 5-ն են։ Մասնակիորեն վնասվել էին նաև 20 կամուրջ, իսկ 4 ավտոմոբիլային կամուրջ ավերվել էին ամբողջությամբ։ 

Ղազարյանի խոսքով՝ առաջին իսկ օրվանից ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մի շարք գերատեսչությունների ու մեծաթիվ շինարարական կազմակերպությունների ներգրավմամբ աղետի գոտում ջրհեղեղի հետևանքների վերացման մեծածավալ աշխատանքներ են իրականացվել և սկզբնական շրջանում բազմաթիվ խնդիրներ են լուծվել։ Արագորեն վերականգնվել է երկաթուղու աշխատանքը։ Ներկայում բացի 2 ճանապարհահատվածից, ամբողջությամբ վերականգնված է երկկողմանի երթևեկությունը մյուս վնասված ճանապարհներին։

«Նշված ճանապարհները դեռևս գրունտային են, սակայն դրանք ամբողջ ծավալով չեն վերանորոգվում, որովհետև անհրաժեշտ է ուսումնասիրել գետի հուները և հայտնաբերել այն «սև կետերը», որոնք որոշակի առումով բերեցին նման աղետի։ Ուսումնասիրությունից հետո կարող ենք և հենապատերը կառուցել և դրանից հետո հիմնանորոգել նշված ճանապարհահատվածները»,-պարզաբանել է մարզպետը։

Անդրադառնալով կամուրջների վերականգմանը՝ Ղազարյանը հայտնել է, որ ներկայում Ախթալայում ավելի մեծ թողունակությամբ կամուրջ է կառուցվում, որն անցանելի կլինի ավելի տարողունակ բեռնատարների համար։ Ախթալայի կամրջի բացումը տեղի կունենա մոտակա օրերին։ Առաջիկայում կավարտվեն նաև մի քանի այլ կամուրջների վերականգնման աշխատանքները։   

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print