Դպրոցի տնօրենը և համակարգողը պարտավոր են դրսևորել քաղաքական զսպվածություն․ ԿԳՄՍ նախարար

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց հանրակրթության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք մեծ չափով վերաբերում են դպրոցների կառավարմանը և ուսուցիչների ատեստավորման գործընթացին։

Դպրոցների կառավարման վերաբերյալ նախարարը նշեց, որ մենթոր դպրոցի սահմանումը տանում են օրենքի մակարդակ՝ սահմանելով, թե այն ինչ է նշանակում․ սրանով հավելյալ հնարավորություն կլինի՝ այլ դպրոցներին խրախուսելու։

«Տնօրենների և համակարգողների մասով կարևոր եմ համարում, որ օրենսդրական մակարդակում ավելի ենք հստակեցրել քաղաքական զսպվածության անհրաժեշտությունը։ Սա համարում եմ կարևոր հանձնառություն, որը հետևողականորեն իրականացնում ենք՝ կրթական համակարգը զերծ պահելու կուսակցականացման և քաղաքականացման այն ջանքերից, որոնք պարբերաբար տեսնում ենք, և որոնց վատ ավանդույթը, ցավոք, ունեցել ենք»,- ասաց Անդրեսյանը՝ հավելելով, որ  համապատասխան հոդվածում ներառել են դրույթ, ըստ որի՝ տնօրենը և համակարգողը պարտավոր են դրսևորել քաղաքական զսպվածություն և իրենց պաշտոնեական դիրքը կամ աշխատանքային միջոցները չօգտագործել կուսակցությունների կամ հասարակական (այդ թվում՝ կրոնական) միավորումների շահերի, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ այլ քաղաքական/կրոնական գործունեություն իրականացնելու համար։

Ըստ նախարարի՝ այսպիսով վարքային պահանջ են սահմանում և համապատասխան սանկցիաների հնարավորություն տալիս. «Եթե որևէ մեկը կխախտի այս դրույթը, համապատասխան հետևանքները կկիրառվեն»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print