Ատոմակայանն աշխատում է ավտանգ  ռեժիմում, ռադիացիոն անվտանգության խնդիրներ չկան․ ՀԱԷԿ տնօրեն

Ատոմակայանը նախագծվել է, և աշխատանքները իրականացվում են համապատասխան  մասնագետների և գիտահետազոտական ինտիտուտների օժանդակությամբ։

Օգոստոսի 30–ին Հայաստանի ատոմային էլեկտրակայան վթարային կանգառի ռեժիմով անջատվել էր էներգահամակարգից, հաջորդ օրը կրկին վերականգնել աշխատանքն ամբողջ հզորությամբ։ Պաշտոնական պարզաբանմամբ՝ վթարային կանգառի պատճառը կայծակն էր, իսկ անջատումը փաստում էր անվտանգային համակարգի գործելու և արագ արձագանքի մասին։  Չնայած այս պարզաբանումներին՝ տեղի ունեցածը տարբեր գնահատականների ու մեկնաբանությունների արժանացավ։

«Ռադիոլուրն» այսօր պարզաբանումներ է լսել «ՀԱԷԿ»–ի գլխավոր տնօրենից ու մասնագետներից։

Ատոմակայանն աշխատում է ավտանգ ռեժիմում, ռադիացիոն անվտանգության խնդիրներ չկան․ ՀԱԷԿ տնօրեն՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է ՝ «ՀԱԷԿ»–ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։ Օգոստոսի 30-ին ժամը 21։55-ի սահմաններում հայտնի դարձավ, որ ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից, անջատումից մեկ ժամ անց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանեց, որ կանգի պատճառը եղել է կայծակի հարվածը, հաջորդ օրը ՝ կեսօրից հետո, նախարարությունը տեղեկացրեց, որ վթարային անջատումից հետո ատոմակայանը  «կրկին միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին»։

«ՀԱԷԿ»–ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյան․ «Արտառոց բան չի եղել, անվտանգության համակարգերից մեկն է աշխատել՝ կայծակի հետևանքով, վթարային կանգ է տեղի ունեցել, բերվել է անվտանգ ռեժիմի։ Վերագործարկվել ենք՝ որոշակի ստուգումներ անցնելուց հետո»։

«Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի», — ասվում էր  Տարածքային կառավարման նախարարության հաղորդագրությունում։ ՄԱԿ–ի էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանն ասում է՝ տարեսկզբից աշխարհում 8 նման դեպք է գրանցվել, երբ ատոմակայանների անվտանգության համակարգերն արձագանքել են կայծակ հարվածներին։ Հիշեցնում է, որ մի քանի շաբաթ առաջ նմանատիպ իրավիճակ է գրանցվել ՌԴ–ում։ Այդ տեսակյունից որևէ արտառոց բան չի եղել՝ ասում է փորձագետը։ Բայց իրավիճակը և դրական, և բացասական կողմեր ունի։

«Լավ է, որ ավտոմատ պաշտպանիչ համակարգը աշխատել է, բայց վատ է, որ համակարգի հարաչափերը այնպիսին են, որ էլեկտրամագնիսական փոխազդեցության շնորհիվ աշխատել է ռեակտորի ավտոմատ համակարգը ենթակայանում՝ շանթի հարվածից։   Ընդհանուր առմամբ, այդպիսի փոխկապացված անջատումներ պետք է, որ չլինեին։ Չնայած անջատվեց, բայց որևիցե վտանգ դա իրենից չի ներկայացնում»։

«Վատ է, որովհետև ընդհանուր  անջատումները դառնում են ավելի հաճախակի, ինչը որոշակի բեռ է թե՛ շահագործողի, թե՛ բուն ռեակտորի համար»։

Գերլարման հետևանքով որոշակի հանգույցներ կայծակը ճանաչել է որպես թույլատրելիից առավել լարում, և վթարային անջատում է եղել՝ ասում է «ՀԱԷԿ»–ի գլխավոր տնօրենը։ Ինչ վերաբերում է անջատումից հետո սկսված քննարկումներին, ատոմակայանի տնօրենն առաջարկում է դրանք թողնել մասնագետներին։ Ատոմակայանը նորմալ աշխատանքային ռեժիմում է՝ ասում է Էդուարդ Մարտիրոսյանը, համակարգերը նորմալ գործում են։

«Ատոմակայանը նախագծվել է, և աշխատանքները իրականացվում են համապատասխան  մասնագետների և գիտահետազոտական ինտիտուտների օժանդակությամբ։ Ինչ համակարգեր տեղադրվել են, դրանք նախագծով, և հիմնավորած նախագծերով, հիմնական կոնստրուկտորի հետ համաձայնեցված նախագծեր են։ Ատոմակայանը այն օբյկետը չէ, որ ցանկաված նախագծային ինստիտուտ փորձի այստեղ լուծումներ առաջարկի։ Մասնագետների կարծիքով՝ ցանկացած կայծակ ցանկացած կայծակ չէ։ Կայծակի գնահատականը և սարքավորումների գնահատականը համարժեք է եղել»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print