Բնակիչներին պատկանող անասունները հափշտակվել են ադրբեջանական զինուժի կողմից, միայն Խնձորեսկից ու Գորիսից հափշտակվել են 5000-ից ավելի անասուն։ Այս մասին 2023-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ միաժամանակ հարց ուղղելով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։
«Կառավարությանը հարց եմ բարձրացրել, պատասխանել են, որ հատկացրել են 50 մլն դրամ՝ այդ ծախսերը հոգալու համար: Դա քիչ գումար է, ի՞նչ կարող ենք անել, որ կարողանանք այս մարդկանց կրած վնասները փոխհատուցել»
Ի պատասխան Խաչատրյանի հարցի՝ Սանոսյանը նշեց, որ իսկապես նման խնդիր կա. «Գումար հատկացվել է ոչ միայն Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերին, այլ նաեւ Գեղարքունիքին, ընդ որում, պայմանական ոչ թե 50-ական մլն դրամ են հատկացրել, այլ եթե կարիք կա, կառավարությունը պարտավորություն է վերցրել ավելացնելու»: