Ադրբեջանը երբեք չի անցկացրել ազատ և արդար ընտրություններ, և այս մեկը բացառություն չէ. Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե

Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն անդրադարձել է կիրակի Ադրբեջանում կայացած խորհրդարանի արտահերթ ընտրությանը, որը, ըստ կազմակերպության, կանխատեսելի հաղթանակ բերեց նախագահ Իլհամ Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությանը:

«Միևնույն ժամանակ, 125-տեղանոց Միլի մեջլիսում մանդատ ստանալու իրավունք ստացած մյուս կուսակցությունները խամաճիկ կամ գրպանային ընդդիմադիր խմբեր են»,- հայտարարել է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն և նշել, որ ակնկալվում էին նույն հին մեթոդներով համատարած կեղծիքներ տասնյակ ընտրատեղամասերում՝ բազմակի քվեարկություն, քվեաթերթիկների լցոնումներ, բռնություն և ճնշում անկախ և ընդդիմադիր դիտորդների վրա: Երկրի խորհրդարանը, ըստ միջազգային կոմիտեի, հնազանդ մարմին է, քանի որ իրական քաղաքական իշխանությունը կոնսոլիդացված է նախագահ Ալիևի ձեռքում։

«Ադրբեջանը երբեք չի անցկացրել ազատ և արդար ընտրություններ, և այս մեկն էլ բացառություն չէ: Անցյալ տարիներին Ադրբեջանի իշխանություններն արել են հնարավորը՝ ոչնչացնելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, փակել են անկախ լրատվամիջոցները, խիստ վերահսկողություն են պահպանել հասարակական կյանքի բոլոր ասպեկտների վրա, վերացրել են քաղաքական ընդդիմությունը և ստեղծել վախի ու ահաբեկման մշակույթ՝ թույլ չտալով ադրբեջանցիներին բարձրաձայնել։ Քանի դեռ քաղբանտարկյալներն ազատ չեն արձակվել, և չեն դադարեցվել քաղաքական հակառակորդների ու քննադատների ճնշումները, երկրում ադրբեջանցի ժողովրդի իրական կամքին արձագանքող ոչ մի վստահելի ընտրություն տեղի չի ունենա»,- ասել է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի գլխավոր քարտուղար Բերիթ Լինդեմանը:

«Ժողովրդական ապատիան և ցածր մասնակցությունը վկայում են բազմիցս կեղծ ընտրություններ անցկացրած քաղաքական համակարգից քաղաքացիների լուրջ հիասթափության մասին: Համակարգված ռեպրեսիաների միջոցով կառավարությունը նվազեցրել է հանրային վստահությունը երկրի ընտրական գործընթացի նկատմամբ»,- մեկնաբանում է Լինդեմանը։

Հայտարարությունում նշվում է, որ կիրակի ընտրությունն Ադրբեջանում տեղի է ունեցել խիստ վերահսկվող վախի և բռնաճնշումների մթնոլորտում, որը կոչված էր ճնշելու ցանկացած խոսքի ազատություն, խաղաղ հավաքները և ամրացնելու կառավարության՝ առանց այդ էլ երկաթյա վերահսկողությունը հասարակության հանդեպ: «Հսկայական թվով տեսանյութեր հայտնվեցին սոցիալական ցանցերում քվեարկության օրը՝ ցույց տալով, թե ինչպես են նույն ընտրողները բազմիցս քվեարկում տարբեր ընտրատեղամասերում: Մյուս տեսահոլովակներում դպրոցի ուսուցիչները և այլ կրտսեր ու միջին պետական ​​ծառայողներ խոստովանում են, որ իրենց հրահանգվել է քվեարկել իշխող կուսակցության օգտին: Մի քանի տեղամասի տեսախցիկները ցույց են տվել, որ ընտրական հանձնաժողովների անդամները քվեաթերթիկներ են լցոնում քվեատուփերի մեջ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը դարձյալ կառավարության խիստ հսկողության տակ է, հայտարարել է, որ քվեատուփերի լցոնման մասին հաղորդումներ չեն ստացել, միաժամանակ նշել է, թե ենթադրյալ խախտումները «մանրակրկիտ քննվելու են»:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ)՝ տարածաշրջանի ընտրությունների ամենահեղինակավոր մոնիթորինգային մարմինը, քննադատել է կիրակի կայացած քվեարկությունը՝ ասելով, որ այն չի համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին: «Այս ընտրությունը տեղի ունեցավ սահմանափակող քաղաքական և իրավական միջավայրում, որի հետևանքը քաղաքական բազմակարծության բացակայությունն էր՝ զուգորդված զսպված և ցածր նախընտրական քարոզարշավով, ինչը խաթարեց ընտրական գործընթացը»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print