Առաջարկվում է օրենսգրքում լրացնել նոր հոդված, որը պատասխանատվություն կնախատեսի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման բնագավառում օրենսդրության պահանջները չկատարելու համար:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու հարցը, ինչը պայմանավորված է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ու իրավաբանական անձանց մոտ գաղտնիության ռեժիմի ապահովման մակարդակի բարձրացման, ոլորտում հնարավոր իրավախախտումների կանխարգելման ու վերացման, գաղտնի տեղեկությունների արտահոսքին նպաստող պայմանները բացառելու անհրաժեշտությամբ:
Առաջարկվում է օրենսգրքում լրացնել նոր հոդված, որը պատասխանատվություն կնախատեսի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման բնագավառում օրենսդրության պահանջները չկատարելու համար:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրենսդրական առաջարկը քննարկվել է առաջին ընթերցմամբ:
Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ ամփոփվել են գաղտնի տեղեկությունների գաղտնագրման, պահպանության, գաղտնազերծման, ոչնչացման, գաղտնի գործավարության, համակարգչային տեխնիկայի միջոցով դրանց փոխանցման ընթացակարգերին վերաբերող հիմնական խախտումները՝ դրանց համար նախատեսելով համաչափ տուգանք: Նշվել է, որ տուգանքի չափը կարող է հասնել նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև վեցհարյուրապատիկի՝ կախված խախտման տեսակից:
Նախագծով լրացվող իրավախախտումները քննելու է ԱԱԾ-ն, իսկ ԱԱԾ-ի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և տույժեր նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանելու լիազորությունը կվերապահվի ԱԱԾ տնօրենին: Օրենսգրքում հաջորդ լրացմամբ կհստակեցվի պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության շրջանակը՝ ներառելով նաև պետության անվտանգության ապահովման բնագավառը:
Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ զեկուցողը գլոբալ խնդիրներ չնշելով՝ փաստել է, որ գործող կարգավորումներով ԱԱԾ-ն մասնավոր կամ հանրային իշխանության մարմիններից մեկի մոտ գաղտնիության ռեժիմի խախտում հայտնաբերելիս սահմանափակվում էր բանավոր նախազգուշացմամբ: Ներգործության այլ միջոց չկար, որը կարող էր ամրապնդել այդ խնդրի՝ չկրկնվելու հանգամանքը, ինչն էլ իր հերթին կարող էր հետագայում գաղտնիության արտահոսքի պայմաններ ստեղծել:
Հարակից զեկույցում Վահագն Ալեքսանյանը գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ կարևորել է օրենքի ընդունման պարագայում դրա վերահսկողության պատշաճ իրականացումը, գաղտնի գործավարության պահանջների պահպանումը:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: