Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին

Բաքվում Իրանի նախկին դեսպանը, ընդգծելով «Զանգեզուրի միջանցքի» հարցում Մոսկվայի և Բաքվի դիրքորոշման հստակեցման անհրաժեշտությունը, ասել է, որ արևմտյան լրատվամիջոցներն օգտագործում են այդ հարցը Ռուսաստանի և Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները խաթարելու համար։

Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Մոհսեն Փաքայինն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ռուսաստանցի պաշտոնյաների վերջին հայտարարություններին։ «Պետք է հստակեցվի Ռուսաստանի դիրքորոշումը Պուտինի Ադրբեջան այցից հետո»,- ասել է նա՝ հավելելով, որ այժմ կարծիք կա, որ Պուտինի մեկնաբանություններից հետո «Զանգեզուրի միջանցքը» կբացվի, և Իրանի սահմանը անմիջապես կփոխվի, և երկիրը կկանգնի Ռուսաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջացող խնդիրների առաջ։

«Թեև Ադրբեջանն ու Ռուսաստանը մեր բարեկամներն են, սակայն նախ և առաջ մենք պետք է ուշադիր ուսումնասիրենք իրավիճակը և բանակցությունների մեջ մտնենք Մոսկվայի և Բաքվի հետ՝ անորոշությունները վերացնելու համար, որպեսզի հասկանանք նրանց մտադրությունները և բացասական վարքագիծ չդրսևորենք, քանի դեռ հարցը չի պարզվել»,- ասել է նա։

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ մի քանի ուղով։

Նրա կարծիքով, Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական գործողությունները կարող են լինել միջանցքի բացման ուղիներից մեկը, ինչը կհանգեցնի Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը, և այս դեպքում կխախտվեն նաև Իրանի և Հայաստանի միջազգային սահմանները։

«Եթե նման իրադարձություն տեղի ունենա, ապա արևմտյան երկրներն անպայման կօգնեն Հայաստանին, և տարածաշրջանում նոր պատերազմ կսկսվի, ուստի չեմ կարծում, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ցանկանում են, որ տարածաշրջանում նոր պատերազմ լինի, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը վերջերս ավարտեցին Ղարաբաղյան պատերազմը և խաղաղության պայմանագիր են ստորագրում, և երկու կողմերն էլ հայտարարել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ուստի «Զանգեզուրի միջանցքի» ռազմական ճանապարհով բացումը բացառվում է»,- ասել է նա։

Բաքվում Իրանի նախկին դեսպանը կարծում է, որ երկրորդ ուղին կարող են ինել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները, որոնց միջոցով Հայաստանի ազգային ինքնիշխանության շրջանակներում Ադրբեջանը կարող է մուտք ունենալ Նախիջևան։

Փաքայինը նաև հայտարարել է, որ եթե նման համաձայնություն ձեռք բերվի, ապա Հայաստանը  որոշակի պահանջներ կունենա, օրինակ՝ ակնկալել, որ Ադրբեջանը թույլ կտա իր տարածքով Իրան հասնել։ Բացի այդ, եթե Թուրքիան ցանկանա անցնել այդ երթուղով, ապա պետք է թույլ տա Հայաստանին հյուսիսային սահմաններից հասնել Սև ծովին, հավելել է նա։

«Այս նպատակներին հասնելը երկարատև բանակցություններ է պահանջում, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան շահագրգռված չեն Հայաստանին նոր երթուղիներ տրամադրելու հարցում։ Եթե ​​այս հարցը լուծվի բանակցությունների միջոցով, ապա դա կարող է տևել մի քանի տարի, ինչի պատճառով էլ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են չնշել դա խաղաղության համաձայնագրում»,- ասել է նա։

Այսպիսով, Ռուսաստանի հայտարարությունը պետք է կշռադատվի բոլոր կողմերից՝ նախքան որևէ դիրքորոշում ընդունելը, քանի որ այս միջանցքը բացելու համար շատ խոչընդոտներ կան, ուստի  երկրների դիվանագետները պետք է բանակցեն Մոսկվայի հետ այս հարցում, շարունակել է նա։

«Թերևս, արևմտյան ԶԼՄ-ները շահարկել են Զանգեզուրի հարցը և ձգտում են խաթարել մեր հարաբերությունները Ռուսաստանի և Ադրբեջանի հետ»,- հավելել է Իրանի նախկին դեսպանը։

Ըստ նրա, Ռուսաստանը ձգտում է բացել «Զանգեզուրի միջանցքն» այնպես, որ այն գտնվի ռուսական զորքերի հսկողության տակ՝ համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի հրադադարի պայմանագրի դրույթների, ինչին այս հարցում Հայաստանը դեմ է։ Հարցը, որը Պուտինը բարձրացրել է Բաքվում, հենց 2020 թվականի համաձայնագրի կետերից մեկն է, ասել է նա՝ նշելով, որ կետում ասվում է, որ կողմերը պետք է բացեն հաղորդակցության ուղիները։

«ՌԴ նախագահը Բաքվում դարձյալ կրկնել է այս դիրքորոշումը, ինչը, իհարկե, նոր դիրքորոշում չէ, քանի որ Լավրովը նույնպես նման դիրքորոշում էր հայտնել»,- նշել է Մոհսեն Փաքայինը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print