Հիմա Արցախն ավելի շատ կարիք ունի զինվորի պես ամեն ոլորտում ճակատ պահող մարդկանց, քան հեռվից աջակցողների կամ երկրպագուների։ Այս մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է արել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Արցախ տեղափոխվելուց հետո Հայաստանից, Սփյուռքից շատերն են ինձ դիմում: Բոլորն անխտիր ողջունում են իմ քայլը: Մի մասը հարցնում է՝ ինչով կարող են օգնել, մյուս մասն ասում է, որ իմ երկրպագուն են և հետևում են իմ գործողություններին, բայց շատ են նաև նրանք, ովքեր ասում են, որ պատրաստ են արցախցիների ու իմ կողքին կանգնել ու հնարավոր ամեն ինչ անել հանուն Արցախի: Ու սա ինձ ուրախացնում է, քանի որ հիմա Արցախն ավելի շատ կարիք ունի զինվորի պես ամեն ոլորտում ճակատ պահող մարդկանց, քան հեռվից աջակցողների կամ երկրպագուների»,-նշվում է գրառման մեջ։
Արձագանքելով Արցախի պետնախարարի կոչին՝ Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբի նախագահ Արտյոմ Գեղամյանը, ակումբի անդամներ Հովհաննես Ղազարյանը և Աննա Դանիելյանը այցելել էին Արցախ՝ հանդիպելու և հստակեցնելու համագործակցության ուղղությունները:
«Ուրախ էի լսել, որ նրանք պատրաստ են իրենց հնարավորությունների շրջանակում ամեն ինչ անել հանուն Արցախի զարգացման, ամեն ինչ անել, որ մենք միասին հաջողենք:
Աշխարհի լավագույն բուհերի շրջանավարտներ մենք շատ ունենք: Ձեր փորձի ու գիտելիքների կարիքը կա Արցախում՝ ինչպես երիտասարդների կրթության, այնպես էլ մեծ թվով այլ ծրագրերում ներգրավվելու համար»,-նշել է նախարարը՝ կոչ անելով չվախենալ Արցախ այցելելուց: